Վարդենիս քաղաքում սուբվենցիոն ծրագրերով երեք փողոց կհիմնանորոգվի

Վարդենիս քաղաքում սուբվենցիոն ծրագրերով երեք փողոց կհիմնանորոգվի

Լավ լուր Գեղարքունիքի մարզպետից՝ Ֆեյսբուքի իր էջում գրել է մարզպետ Գնել Սանոսյանը, անդրադառնալով մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերին:

 

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարի կասֆալտապատվեն Ռոման և Խ․ Ստեփանյան փողոցները, միակողմանի մայթ կկառուցվի Վիկտոր Համբարձումյան փողոցում։ Սուբվենցիոն երեք ծրագրերը հաստատվել են Միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 16-ի նիստում։

 

Ռոման փողոցի ասֆալտապատման եւ կահավորման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 30 միլիոն 576 հազար դրամ, որի 45 տոկոսը կամ 13 միլիոն 759 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 16 միլիոն 817 հազար դրամը՝ Վարդենիսի համայնքապետարանը։ Ծրագրի իրականացման արդյունքում կասֆալտապատվի 360 գծամետր ճանապարհ՝ 3729 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով։ Խ․ Ստեփանյան փողոցի ասֆալտապատման, միակողմանի մայթի կառուցման եւ կահավորման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 82 միլիոն 178 հազար դրամ, որի 45 տոկոսը կամ 36 միլիոն 980 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը կամ 45 միլիոն 198 հազար դրամը՝ Վարդենիսի համայնքապետարանը։Ծրագրի իրականացման արդյունքում կասֆալտապատվի 697 գծամետր երկարության ճանապարհ, կկառուցվի նույնքան երկարության միակողմանի մայթ, ասֆալտապատվող մակերեսը կկազմի 5837 քառակուսի մետր մակերես։

 

Վիկտոր Համբարձումյան փողոցի միակողմանի մայթի կառուցման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 88 միլիոն 196 հազար դրամ, որի 45 տոկոսը կամ 39 միլիոն 688 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 48 միլիոն 508 հազար դրամը՝ Վարդենիսի համայնքապետարանը։ Ծրագրի իրականացման արդյունքում մայթ կկառուցվի 1498 գծամետր երկարությամբ, ասֆալտապատվող մակերեսը կկազմի 4085 քառակուսի մետր։ Շինարարական աշխատանքների մրցույթները կհայտարարվեն առաջիկայում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում