Այս տոնը ևս մեկ առիթ է ընդգծելու յուրաքանչյուր անձի աշխատանքային իրավունքները պաշտպանելու կարևորությունը. ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի օրվա առթիվ, որը ներկայացնում ենք ստորև.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Մայիսի 1-ի` Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ:
Այս տոնը ևս մեկ առիթ է ընդգծելու յուրաքանչյուր անձի աշխատանքային իրավունքները պաշտպանելու կարևորությունը:
Աշխատանքային իրավունքների պատշաճ իրացման հետ կապված մի շարք խնդիրներ շարունակում են արդիական մնալ մեր հանրապետությունում:
Մեր ուսումնասիրությունները, ստացված բողոքների քննությունը թույլ են տալիս արձանագրել անվտանգ ու արժանապատիվ աշխատանքային պայմանների, հանգստի իրավունքի, արդար վարձատրության, ներառյալ՝ արտաժամյա աշխատանքի դիմաց վարձատրվելու իրավունքի ապահովման համատեքստում առկա խնդիրներն ու այդ ուղղությամբ լրացուցիչ ջանքերի ձեռնարկման անհրաժեշտությունը։
Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2023 թվականին աշխատանքային իրավունքների հետ կապված առավել տարածված խնդիրներից է եղել աշխատանքից ազատվելիս աշխատողների հետ վերջնահաշվարկ չկատարելու, ոչ ամբողջովին կատարելու կամ օրենսդրությամբ սահմանված ժամկետը չպահպանելով կատարելու խնդիրը։ Վերջինիս մանրամասն անդրադարձ եմ կատարել Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունն ամփոփող տարեկան հաղորդման շրջանակներում։
2023 թվականին ևս Պաշտպանի աշխատակազմ ստացված բողոքներով բարձրաձայնվել է հաստիքների կրճատման հիմքով աշխատանքից ազատելիս կրճատվող հաստիքը զբաղեցնող աշխատակիցների միջև ընտրության չափանիշների բացակայության խնդիրը։
Շարունակում է խնդրահարույց մնալ նաև աշխատաշուկայում խտրականության բացառման հարցը։ Այս առումով հատկապես կարևոր է աշխատաշուկային կանանց ավելի ցածր մասնակցության խնդրի հասցեագրումը, աշխատավայրում սեռական ոտնձգության բացառման օրենսդրական և գործնական արդյունավետ կառուցակարգերի նախատեսումը։ Բացի այդ, առաջնային է հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային իրավունքների, ներառյալ՝ մատչելի աշխատանքային միջավայրի ապահովմանն ուղղված ջանքերի շարունակականությունը։
Կարևոր եմ համարում նաև մասնավոր հատվածում աշխատանքային իրավունքների ապահովման նկատմամբ պետության պատշաճ վերահսկողության միջոցների ձեռնարկումը, ինչպես նաև աշխատողների և գործատուների շրջանում աշխատանքային իրավունքների առնչությամբ իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացումը։
Մաղթում եմ բոլորիս արդյունավետ և ստեղծագործ աշխատանք և ընդգծում ՀՀ իրավասու մարմինների շարունակական գործուն քայլերի անհրաժեշտությունը աշխատանքային իրավունքների պաշտպանության պատշաճ կառուցակարգերի ամրապնդման ուղղությամբ»:
Կարծիքներ