Վրաստանում հացը թանկացել է
Հացթուխների ասոցիացիայի ղեկավար Մալխազ Դոլիձեի խոսքերով՝ ալյուրի սուբսիդավորման դադարեցումից հետո, տեղական շուկայում հացի գինն աճել է 10 թեթրիով, և այս բարձրացված գնով հացը վաճառվելու է մինչև հոկտեմբեր-նոյեմբեր ամիսները: Այս մասին Դոլիձեն խոսել է «Մթավարի» մեդիա կենտրոնում: Տեղեկացնում է Aliq.Media-ն:
«Պետության կողմից ալյուրի սուբսիդավորման ծրագրից դուրս գալու արդյունքում այսօր 1 պարկ ալյուրի արժեքը կազմում է 61-62 լարի: Այդ պատճառով հացի արտադրամասերը ստիպված էին շտկումներ կատարել և «քարի հացը» թանկացավ մոտ 10 թեթրիով»,- ասել է Դոլիձեն:
Նրա խոսքով, չնայած հաց արտադրողները գինը բարձրացրեցին ընդամենը 10 թեթրիով, նրանք չեն կարող միջամտել վաճառքի վերջնական գնի սահմանմանը:
«Շուկայի ազատականացման պատճառով որոշ խանութներ կարող են էլ ավելի թանկացնել գինը, ինչը, իմ գնահատմամբ, սխալ կլինի իրենց կողմից: Իմ տրամադրության տակ եղած տեղեկատվության համաձայն՝ Նիկորայի ցանցում հացի գինն աճել է 15 թեթրիով»,- ասել է Մալխազ Դոլիձեն:
Կարծիքներ