Պետք է կարողանանք հավասարակշռված որոշման գալ. Փաշինյանն անդրադարձավ Ամուլսարի հարցին
Կառավարության խնդիրն է Ամուլսարի հանքի շահագործման հարցում Հայաստանի Հանրապետության շահերին համապատասխանող, հավասարակշռված որոշման հանգել: Այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Ջերմուկում քաղաքացիների հետ հանդիպմանը:
«Մենք գիտենք, որ առերեսվում ենք Ամուլսարի հետ կապված իրադրությանը: Եվ մենք շարունակում ենք այդ թեմայով աշխատել, մեր խնդիրն է՝ Հայաստանի Հանրապետության հավասարակշռված շահերին համապատասխանող որոշման հանգել»,-ասաց Փաշինյանը:
Նա ամենաառաջնային թեմաներից մեկը համարեց ազդակիր համայնքների շահերը լիարժեք պաշտպանելը: Փաշինյանը նկատեց՝ կան մարդիկ, որոնք պնդում են, որ Ամուլսարը պետք է անպայման աշխատի, կան մարդիկ, որոնք ասում են, որ Ամուլսարը չպետք է աշխատի:
«Բայց մենք պետք է կարողանանք հավասարակշռված որոշման գալ: Երբ կառավարությունը որևէ կոնկրետ առաջարկ կվերջնականացնի, ես անձամբ կգամ, կնստենք, եթե պետք լինի, երկար կխոսենք, եթե պետք լինի, կարճ կխոսենք, այդ հարցը մենք միասին պետք է լուծենք՝ հասկանալով այդ հարցի յուրաքանչյուր դետալը»,-ասաց նա:
Կարծիքներ