Հույն և հայ ժողովուրդները ազգակից քաղաքակրթությունների երկու եղբայրներ են. ՀՀ դեսպանի ուղերձը

Հույն և հայ ժողովուրդները ազգակից քաղաքակրթությունների երկու եղբայրներ են. ՀՀ դեսպանի ուղերձը

Հայաստանի և Հունաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյսակի առիթով հունվարի 21-ին Հունաստանի ամենատարբեր քաղաքների նշանավոր կառույցները լուսավորվել են հայկական եռագույնով. հույն և հայ ժողովուրդները ազգակից քաղաքակրթությունների երկու եղբայրներ են, որոնք կարող են ամուր կանգնել, երբ միշտ միասին են գործում:

Այս մասին ասել է Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հունարենով հղած իր ուղերձում՝ Հայաստանի և Հունաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ:

«Այսօր լրանում է Հայաստանի և Հունաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակը։ Հունաստանն այն հազվագյուտ երկրներից է և հույներն այն եզակի ժողովուրդներից են, որոնց հետ մեր հարաբերությունները և բարեկամությունը ունեն հազարամյակների պատմություն»,-նշել է դեսպան ուղերձում:

Նա ընդգծել է, որ հույն և հայ ժողովուրդները կիսում են ընդհանուր արժեքներ, սկզբունքներ, ընդհանուր սպառնալիքներ ու ակնկալիքներ և արյունակցական կապեր։ Դրանք ավելին են, քան որևէ տեսակի շահադիտական կապերը։

«Մեր եղբայրությունը անցել է ժամանակի և պատմության բոլոր փորձությունները, ըստ այդմ դառնալով ավելի ամուր։ Հույն և հայ ժողովուրդները ազգակից քաղաքակրթությունների երկու եղբայրներ են, որոնք կարող են ամուր կանգնել, երբ միշտ միասին են գործում»,-ասել է Մկրտչյանը:

Դեսպանը շեշտել է, որ միանշանակ երկու  երկրների հարաբերությունների 30 ամյակը նշում ենք քաղաքական ամենաբարձր մակարդակի սերտ կապերով։ Մյուս կողմից, նրա խոսքով, երկու երկրները բոլոր միջոցներով էլ ավելի են խորացնելու տնտեսական և առևտրային կապերը, որի համար կա պարարտ հող։

«Մշակութային դիվանագիտությունը հզորագույն գործիք է՝ թե հույների և թե հայերիս համար, և չնայած, որ կարծում ենք, թե բավարար ճանաչում ենք միմյանց, սակայն միշտ կա ավելին իմանալու և ավելի փոխհարաբերվելու տեղ։ Մշակույթով միմյանց ճանաչելու և սիրելու հնարավորություններն անսպառ են։ Ռազմական բարձր մակարդակի հարաբերությունները էլ ավելի են խորանում, ինչն ուրախալի, բայց նաև կարորագույն հանգամանք է»,-նշել է դեսպանը:

Իսկ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված միջոցառումներն առջևում են և դրանց մասին տարվա ընթացքում դեսպանությունը կտեղեկացնի:

Հունվարի 21-ին այս առթիվ Հունաստանի հյուսիսից հարավ, արևելքից արևմուտք ամենատարբեր քաղաքների նշանավոր կառույցները լուսավորվել են հայկական եռագույնով։  Դեսպան Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել բոլոր քաղաքների խորհուրդներին, որոնք ընդառաջել են դեսպանության խնդրանքը:

Նա նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Հունաստան այն քաղաքական գործիչներին, հունահայ համայնքի այն ներկայացուցիչներին, ովքեր 30 տարիների ընթացքում ունեցել են իրենց անուրանալի ներդրումը հայ-հունական առանձնաշնորհյալ հարաբերությունների կառուցման և կայացման համար։