ՏԻՄ ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին ստացվել է 67 դիմում. ԿԸՀ
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է, որ սահմանված ժամկետում ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին ընդհանուր թվով 67 դիմում է ստացվել թվով 6 տարածքային ընտրական հանձնաժողովներում: Նշված դիմումներով պահանջվում է վերահաշվարկ իրականացնել 67 տեղամասերում:
«Հայաստանում 2021 թվականի դեկտեմբերի 5-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև դեկտեմբերի 07-ը` ժամը 11.00-ն: Սահմանված ժամկետում ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին ընդհանուր թվով 67 դիմում է ստացվել թվով 6 տարածքային ընտրական հանձնաժողովներում: Նշված դիմումներով պահանջվում է վերահաշվարկ իրականացնել 67 տեղամասերում: Տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ տարածքային ընտրական հանձնաժողովները չեն ստացել: Վերահաշվարկ կիրականացվի թիվ 15, 21, 23, 27, 28, 29 տարածքային ընտրական հանձնաժողովներում»,-ասված է ԿԸՀ-ի հաղորդագրությունում։ Նշված հանձնաժողովներում վերահաշվարկների աշխատանքները կմեկնարկեն այսօր՝ 2021 թվականի դեկտեմբերի 7-ին, ժամը 14:00-ից:
Հայաստանի տարբեր մարզերի 36 խոշորացված համայնքներում դեկտեմբերի 5-ին անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Համայնքապետի ընտրություններ են անցկացվել Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Վայոց Ձորի, Շիրակի, Կոտայքի խոշոր համայնքներում։
Կարծիքներ