Կան զինվորներ և սպաներ, որոնք իրենց պարտականությունը չեն կատարել և հայտնվել են գերության մեջ․ Ալեն Սիմոնյան
ՀՀ զինված ուժերի այն զինծառայողների նկատմամբ, որոնք վայր են դրել իրենց զենքերը և հանձնվել գերության, քրեական գործ է հարուցվելու։
Lրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով համացանցում իր մասին տարածված տեսանյութին, որում վերջինս նշում է, որ «գերիներն այն մարդիկ են, որոնք զենքը դրել, փախել և մոլորվել են։
«Այն բոլոր զինծառայողները, որոնք վայր են դրել իրենց զենքերը և հանձնվել են գերության, և քննությամբ կպարզվի, որ նրանք նման գործողություն են կատարել, նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվելու։ Դա իմ ասածը չէ, դա օրենքի պահանջն է»,- ընդգծեց Սիմոնյանը։
Ազգային ժողովի նախագահը վստահեցրեց՝ բանակցային գործընթացում գերիների հարցը մշտապես բարձրացրել են ու բարձրացնելու են։
«Պետք է վստահեցնեմ, որ բոլոր մեր քննարկումների ժամանակ այդ հարցը բարձրացվել է ոչ միայն իմ կողմից, այլ նաև իմ գործընկերների կողմից և շարունակվելու է բարձրացվել: Ես տեսնում եմ, որ հերոս բառը բավականին արժեզրկվել է՝ բոլորի նկատմամբ հավասար սանդղակ կիրառելու պատճառով։ Հայաստանի Հանրապետության բանակում կան բազմաթիվ հերոս տղաներ, նրանք շատ են, նրանք մեր հպարտությունն են, բայց կան զինվորներ և սպաներ, որոնք իրենց պարտականությունը չեն կատարել և հայտնվել են գերության մեջ»,- եզրափակեց Սիմոնյանը։
Կարծիքներ