Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան
Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը տևական ժամանակ խուսափում էր և Ալմա-Աթայի վրա հղում անելը դարձել էր անլուծելի հարց՝ բանակացությունների ընթացքում։ Բայց, ի վերջո, բանակցությունների ընթացքում հնարավոր եղավ Ալմա-Աթայի հռչակագիրը որպես քաղաքական հիմք ընդունելու սկզբունքն արձանագրել և դրա տակ դնել Հայաստանի և Ադրբեջանի ստորագրությունները։
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով մտավախություններին, թե սահմանազատման գործընթացում Բաքուն դուրս չի գա հայկական տարածքներից։
«Սա շատ կարևոր ազդակ է, որ գործընթացը պետք է շարունակվի այդ տրամաբանությամբ և սա է մեզ համար ընդունելի տարբերակը։ Այս փուլից հետո, պետք է համաձայնեցվի սահմանազատման հանձնաժողովների աշխատակարգը։ Շատ կարևոր է որպեսզի սկզբունքը, որը նաև ստորագրված արձանագրության մեջ է գրված, պետք է արտահայտվի նաև աշխատակարգում, ապա նաև խաղաղության համաձայնագրում։ Այսինքն, Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա շատ որոշակի է դառնում, որ այն տարածքը որը պատկանում է ՀՀ-ին՝ սահմանագծումը պետք է արվի այնպես, որ այդ տարածքները վերադառնան ՀՀ տիրապետության տակ»,- ասել է Խանդանյանը։
Ինչպես է միակողմանի որոշում կայացվում, երբ Տավուշում սահմանազատման գործընթացի վերաբերյալ քաղաքացիները բողոքի ակցիաներ են իրականացնում՝ հարցին ի պատասխան, Խանդանյանն ասել է․
«Ես էլ իմ ձեռքերը կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա, որովհետև այս պահին Տավուշից ոչ ոք ոչինչ չի տալիս»,- ասել է Խանդանյանը։
Կարծիքներ