ԵԱՀԿ Մինսկի խումբը դե ֆակտո չի գործում, բայց դե յուրե այն կա ու գոյություն ունի․ Էդմոն Մարուքյան
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հարցազրույց է տվել RTVI միջազգային հեռուստաալիքին՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին և ՀՀ արտաքին քաղաքականությանը վերաբերող այլ հարցերին։
Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ հարցին՝ Մարուքյանը կրկին հիշեցրել է հայկական անփոփոխ դիրքորոշումը առ այն, որ ադրբեջանական զորքերը պետք է լքեն Հայաստանի սուվերեն տարածքը, որում ներխուժել են 2021 թվականից և նշել, որ առկա բոլոր քարտեզներով՝ այդ թվում ՌԴ-ում պահվող ԽՍՀՄ քարտեզներով, այդ տարածքը ՀՀ սուվերեն տարածք է։
Մարուքյանը կրկնել է, որ Հայաստանը խաղաղության կողմնակից է և ամեն քայլ արել ու անում է դրան հասնելու ուղղությամբ՝ միաժամանակ դատապարտելով ադրբեջական կողմից հնչող ռազմական տարբեր կոչերը և հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն առաջացնելու ադրբեջանական տարբեր փորձերը։
Մարուքյանը նշել է, որ չի կարող սահմանագծման ու սահմանազատման աշխատանք ընթանալ այնպիսի իրավիճակում, երբ սահմաններին հնչում են կրակոցներ․
«Դեմարկացիայի հարցը մի քանի օրվա աշխատանք չէ․ դա երկարատև գործընթաց է, որը պետք է իրականացվի հանգիստ պայմաններում։ Այն չպետք է ընթանա որպես հաղթող ու պարտվող կողմերի միջև գործընթաց, քանի որ այդ դեպքում անհնար է հասնել արդյունքի։ Մենք պետք է գնանք այնպիսի ճանապարհով, որ հասնենք անգլերենում հայտնի «win win» տարբերակով լուծման, երբ բոլոր կողմերը գործընթացից դուրս կգան հաղթած»։
Անդրադառնալով անկլավների վերաբերյալ հարցին՝ Մարուքյանը նշել է, որ իր անձնական տեսակետի համաձայն՝ դրանք առհասարակ պետք է դուրս գան քննարկումներից, քանի որ Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն կողմերը մնում են այն տարածքներում, որտեղ այդ պահին գտնվում են․«Մենք պարտվել ենք մեկ անգամ ու դա չի նշանակում, թե մենք միշտ պետք է պարտվենք ու միշտ զիջումների գնանք։ Ոչ մեկ թող հույս չունենա, թե մեր պարտությունը անվերջ ու անժամկետ է ու մենք պետք է միշտ գործենք պարտվածի կարգավիճակում»։
Խոսելով տարածաշրջանում կոմունիկացիաների բացման հնարավորության մասին՝ Մարուքյանն ասել է, որ սխալ են պատկերացումները, թե այն ձեռտնու է միայն Ադրբեջանին։ Մարուքյանը բերել է Լարսի օրինակը, որը օրերով կարող է մնալ փակված վիճակում՝ հավելելով, որ դրա այլընտրանքը Հայաստանի համար անհրաժեշտություն է։ Մարուքյանը սպեկուլյացիա է որակել ադրբեջանական կողմից հնչող միջանցքային տրամաբանությամբ լուծումների մասին լուրերը՝ նշելով, որ այդպիսի հարցեր չեն քննարկվում ու խոսքը գնում է միայն ճանապարհների սովորական բացման մասին՝ յուրաքանչյուր երկրի օրենսդրության համաձայն ու տարածքների սուվերենության պահպանման սկզբունքով։
ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանն անդրադառնալով՝ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանը նշել է, որ 2022 թվականի փետրվարից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ֆորմատը փաստացի չի գործում, ինչը պայմանավորված է Ռուսաստան-Արևմուտք հակամարտությամբ։ Բայց, ըստ Մարուքյանի, դա չի վերաբերում միայն կոնկրետ ԵԱՀԿ Մինսկի խմբին, այլ նաև բոլոր այն կաույցներին, որոնցում ներառված են Ռուսաստանը և Արևմուտքը․ «Չնայած դե ֆակտո կառույցը այս պահին չի գործում, բայց դե յուրե այն կա և Հայաստանը ջանքեր է գործադրում այն նորից ակտիվացնելու ուղղությամբ»,- վստահեցրել է Էդմոն Մարուքյանը։
Անդրադառնալով հայ-ադրբեջանական հնարավոր խաղաղության պայմանագրի մասին խոսակցություններին՝ Մարուքյանը նշել է, որ Հայաստանը Ադրբեջանից որևէ տարածքային պահանջ չունի՝ շեշտելով, որ Արցախի հարցը ոչ թե տարածքային, այլ իրավունքների վերաբերյալ հարց է, որոնք 21-րդ դարում ավելի առաջնային են։ Մարուքյանը նաև անդրադարձել է Արցախի կարգավիճակի հարցին՝ նշելով, որ կոնֆլիկտը դեռևս լուծված չէ՝ ինչպես պնդում են ադրբեջանական կողմից՝ հավելելով, որ Հայաստանը ակտիվ ջանքեր է գործադրում հարցի լուծման ուղղությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
Կարծիքներ