Ադրբեջանի գործողությունները ցեղասպանություն են․ ԼՂ-ն շտապ հրավիրել է անվտանգության խորհրդի նիստ
ԼՂ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից ստեղծված իրավիճակի հետ կապված հանդես են եկել հայտարարությամբ։
«Հերթական անգամ խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին լայնամասշտաբ ռազմական գործողություններ է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ՝ թիրախավորելով նաև քաղաքացիական օբյեկտներն ու խաղաղ բնակչությանը, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ կանայք, տարեցներ և երեխաներ:
Ադրբեջանի գործողությունները ոչ այլ ինչ են, քան էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականություն, և այն իրականացնելով, Բաքուն շահարկում է հումանիտար միջանցքի և մարդասիրության այլ կեղծ օրակարգեր:
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը շտապ հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ և քննարկել ստեղծված իրավիճակն ու հետագա անելիքները:
Հաշվի առնելով հազարավոր մարդկանց կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգը՝ պաշտոնական Ստեփանակերտը կոչ է անում միջազգային դերակատարներին և շահագրգիռ բոլոր կողմերին անհապաղ ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ Արցախի նկատմամբ ագրեսիան դադարեցնելու ուղղությամբ:
Արցախի Հանրապետությունը մշտապես եղել է խաղաղ կարգավորման կողմնակից և վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ բոլոր հարցերի լուծումը տալ բանակցությունների միջոցով»,– ասված է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ