ԼՂ-ից բռնի տեղահանվածները հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների կենսաթոշակը կստանան դեկտեմբերին. Նարեկ Մկրտչյան
Խորհրդարանը քննարկում է Կառավարության կողմից ներկայացված «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Ինչպես բազմիցս նշել ենք, ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները պետք է ունենան հնարավորություն՝ ՀՀ-ում օգտվելու իրենց սոցիալական երաշխիքներից՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ստանան կենսաթոշակ և նպաստ: Հարցը քննարկելիս հարկ է նկատի ունենալ, որ փախստականների և ապաստանի մասին օրենքի 23-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ տարածքում ապաստան ստացած փախստականներն իրավունք ունեն ստանալու պետական նպաստներ, դրամական այլ օգնություններ, ինչպես նաև ունեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կենսաթոշակային ապահովության իրավունք, եթե նրանք բավարարում են օրենսդրությամբ սահմանված պահանջները: Սակայն հաշվի առնելով բռնի տեղահանված մեր հայրենակիցների մեծ թիվը, նրանց սոցիալական խնդիրներն օր առաջ լուծելու հրատապությունը՝ անհրաժեշտություն է առաջացել վերանայել օրենսդրական որոշ կարգավորումներ, լիազորություն վերապահել Կառավարությանը՝ սահմանելու փախստականների կենսաթոշակի, նպաստի իրավունքի իրացման ընթացակարգերի առանձնահատկությունները»,- ասաց հիմնական զեկուցող, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հետաքրքրվեց՝ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն արդյոք ստանալո՞ւ են հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների կենսաթոշակները, նպաստները, ինչին ի պատասխան՝ նախարարն ասաց. «Մեզ հասանելի բոլոր հնարավոր տվյալները կհամադրենք, և կհասկանանք, որ իրենք արդեն իսկ ունեցել են կենսաթոշակի, նպաստի իրավունք, իրենք կշարունակեն ստանալ: Ես կարծում եմ, որ հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբերը միասին վերահաշվարկ արված՝ իրենք դեկտեմբեր ամսին կկարողանան ստանալ: Դրա համար հրատապ ներկայացրինք նախագիծը, որովհետև դրանից հետո որոշակի տեխնիկական խնդիրներ էլ են լինելու, հարթակի գործարկումը կոմունիկացնելու մեր հայրենակիցների հետ՝ դիմումները անձնապես ընդունելու համար»:
Պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հարցին՝ նախարարը ևս մեկ անգամ ընդգծեց՝ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները կարգավորումներից հետո հնարավորություն կունենան իրենց կենսաթոշակները և նպաստները ստանալ:
«Հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամսվա համար մենք կփորձենք այդ վճարումներն իրականացնել: Կարգավորումները մեզ հնարավորություն կտան տվյալների մեր սեփական բազան ունենալ ԼՂ-ի մեր հայրենակիցների նպաստների, կենսաթոշակների վճարումների առումով»,- նշեց Նարեկ Մկրտչյանը:
Ներկայացվող նախագծերի փաթեթի նպատակը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի, մայրության նպաստի (չաշխատող անձին նշանակվող) իրավունքի իրացման ընթացակարգերի հստակեցումն է՝ այդ ընթացակարգերի առանձնահատկությունները սահմանելու լիազորությունը Կառավարությանը վերապահելու միջոցով:
««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է օրենքի 7-րդ հոդվածով սահմանել փախստականի կարգավիճակ ունեցող անձի կենսաթոշակի իրավունքը, այն է. օրենքով սահմանված պայմանները բավարարելը՝ փախստականի կարգավիճակ ունենալու ամբողջ ժամանակահատվածում, առաջարկվում է ՀՀ-ում կենսաթոշակ նշանակելիս աշխատանքային ստաժում հաշվառել Լեռնային Ղարաբաղի տարածքում մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը ձեռք բերված աշխատանքային և այլ գործունեության, զինվորական ծառայության ժամանակահատվածները՝ Կառավարության սահմանած կարգով:
Օրենքի 32-րդ հոդվածով Կառավարությանը վերապահել Լեռնային Ղարաբաղի տարածքում ձեռք բերած աշխատանքային ստաժը հաշվարկելու կանոնները սահմանելու լիազորությունը, որի շրջանակներում հնարավոր կլինի հստակեցնել արդեն նշանակված կենսաթոշակների, ինչպես նաև նոր նշանակվելիք կենսաթոշակների դեպքերում խնդրո առարկա ստաժը հաշվարկելու կանոնները, Կառավարությունը վերապահել նաև փախստականի կարգավիճակ ունեցող անձի՝ կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու և կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու կարգի առանձնահատկությունները սահմանելու լիազորությունը:
Այս դեպքում հնարավոր կլինի Լեռնային Ղարաբաղում նշանակված կենսաթոշակները «վերանշանակել» (ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակել) առցանց դիմումի հիման վրա, առանց ստաժը վերահաշվարկելու, կենսաթոշակը վերահաշվարկելիս, տեսակը փոխելիս նախկին ստաժը չվերահաշվարկել, կենսաթոշակը վճարելիս հաշվի առնել Լեռնային Ղարաբաղում վերջին անգամ բանկ ներկայանալու պայմանը, կենսաթոշակի գործերը «տեղափոխել» պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան և այլն, սահմանել, որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության, ոստիկանության, փրկարար ծառայության, ազգային անվտանգության ծառայության համակարգերում ծառայած անձը, քրեակատարողական ծառայողը և դատական ակտերի հարկադիր կատարողն ունեն զինվորական կենսաթոշակի իրավունք,
Օրենքի 41-րդ հոդվածով ստեղծվում է իրավական հիմք Լեռնային Ղարաբաղի տարածքում ձևավորված տեղեկատվական բազաներից (կենսաթոշակի, հարկային մարմնի և այլն) կենսաթոշակի իրավունքն իրացնելու համար անհրաժեշտ տվյալները Միգրացիայի ծառայությունից (այդ տեղեկատվական բազաների տնօրինողից) ստանալու և պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելու համար:
«Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ մասին» օրենքի նախագծով առաջարկվում է Կառավարությունը վերապահել հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի (140 օրվա) կամ երեխայի ծննդյան օրվանից հետո՝ 70 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ձեռք բերած՝ չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու համար դիմելու ժամկետ սահմանելու լիազորությունը:
Կառավարությունը վերապահել հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի (140 օրվա) կամ երեխայի ծննդյան օրվանից հետո՝ 70 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ձեռք բերած՝ չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու փաստաթղթերի ցանկը սահմանելու իրավասությունը: Այս դեպքում հնարավոր կլինի մայրության նպաստ նշանակել ոչ միայն ՀՀ կամ ԼՂ-ի բժշկական կազմակերպության տված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի, այլև ՀՀ կամ ԼՂ-ի իրավասու մարմնի տված երեխայի ծննդյան վկայականի հիման վրա:
Նախագծերի փաթեթն ընդունվելու դեպքում կհստակեցվեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի, մայրության նպաստի (չաշխատող անձին նշանակվող) իրավունքի իրացման ընթացակարգերը՝ այդ ընթացակարգերի առանձնահատկությունները սահմանելու լիազորությունը Կառավարությանը վերապահելու միջոցով:
Կարծիքներ