Չեխիայի վարչապետը Հարավային Կովկասում խաղաղության համատեքստում կարևորեց հայերի իրավունքների երաշխավորումը
Եվրամիության անդամ պետությունների նպատակն է տարածաշրջանում հասնել խաղաղության, որը նշանակում է նաև հայերի իրավունքների երաշխավորում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնեց Չեխիայի Հանրապետության վարչապետ Պետեր Ֆիալան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու, ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի վերաբերյալ հարցին:
«Չեխիայի Հանրապետությունը կարող է աջակցել և կաջակցի խաղաղության նախաձեռնություններին և այն ջանքերին, որոնք կհանգեցնեն տարածաշրջանում կայունացման»,-ասաց Չեխիայի վարչապետը:
Նա ընդգծեց, որ Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչումը հիմնարար նշանակություն ունի: Պետեր Ֆիալան նաև նշեց, որ Պրահայում քայլ արվել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովի ընթացքում:
«Դա երկու երկրների հարաբերություններում պատմական հանգրվան կարելի է համարել: Իհարկե, իրավիճակի համար նպաստավոր չէր լինի, եթե ես միակողմանիորեն գնահատեի, թե ով և ինչպես է ինչը խախտում: Չեխիայի և ԵՄ անդամ պետությունների միասնական նպատակն է տարածաշրջանում հասնել կայունության և տևական խաղաղության, որը նշանակում է նաև երաշխավորել Հայաստանի, հայերի իրավունքները: Դա կարևոր հանգամանք է»,-ասաց Չեխիայի վարչապետը:
Նա ընդգծեց, որ Չեխիան այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր արել է, Չեխիայի Հանրապետությունը նպաստել է մոնիթորինգի առաքելության տեղակայմանը, առաքելության կազմում կան չեխ փորձագետներ: Չեխիան պատրաստ է մասնակցել նաև համանման աշխատանքների, որոնք կնպաստեն լարվածության թոթափմանը և թույլ կտան հասնելու տևական ու մնայուն խաղաղության և խաղաղ լուծման:
ՀՀ վարչապետը Չեխիայի իր գործընկերոջը մանրամասն տեղեկացրել է, թե ինչպես են ընթանում բանակցությունները և, թե ինքն ինչպես է տեսնում իրավիճակը: Չեխիայի վարչապետը դա շատ արժեքավոր համարեց, քանի որ ինքը հնարավորություն ունի այդ տեղեկությունները և փորձառությունը փոխանցել եվրոպացի գործընկերներին:
«Եվ դրա հիման վրա մենք կարող ենք դիտարկել ու հասկանալ, թե ինչ քայլեր պատշաճ կլինեն և ինչ քայլերով ԵՄ-ն կարող է աջակցել մշտական ու տևական խաղաղության ջանքերին տարածաշրջանում»,-նշեց Պետեր Ֆիալան:
Կարծիքներ