Արարատ Միրզոյանը մասնակցել է ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության 30-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը

Արարատ Միրզոյանը մասնակցել է ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության 30-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը

Փետրվարի 28-ին տեղի է ունեցել Ժնևի Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչության կազմակերպած ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության 30-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացման արարողությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրեն Տատյանա Վալովայան։ Իր ելույթում նախարար Միրզոյանը, մասնավորապես, ասել է․

«Հարգարժա՛ն գլխավոր տնօրեն,
Տիկնայք և պարոնայք,

Ուրախ եմ ողջունել ձեզ բոլորիդ այսօր այս առանձնահատուկ միջոցառմանը՝ նվիրված Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի անդամակցության 30-ամյակին: Ինձ համար պատիվ է մասնակցել այս ցուցահանդեսի բացմանը Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրեն Նորին Գերազանցություն Տատյանա Վալովայայի հետ միասին:

Հարգելի՛ գլխավոր տնօրեն,
Ես բարձր եմ գնահատում Ձեր բացման խոսքը և շնորհակալություն եմ հայտնում Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակին՝ այս միջոցառմանը մասնակցելու և արժեքավոր ներդրում ունենալու համար:

Դարեր շարունակ մենք ձգտել, պայքարել և հետամուտ ենք եղել մեր նախնիների հայրենիքում անկախություն ու պետականություն կերտելուն։ Այս առումով մենք երջանիկ սերունդ ենք, քանի որ ականատես ենք եղել, թե ինչպես է իրականանում մեր ազգային երազանքը։

1992 թվականի մարտի 2-ին հայոց եռագույնը բարձրացվեց ՄԱԿ-ի կենտրոնակայանի առջև՝ նոր էջ բացելով մեր երկրի պատմության մեջ՝ որպես համաշխարհային կազմակերպության լիիրավ անդամ։ Մենք գնահատում ենք դրա արժեքը և սեփական փորձից գիտենք, թե որքան զոհողություններ են անհրաժեշտ ինքնիշխան իրավահավասարության առավելություններից օգտվելու, և որքան ավելի ջանքեր են պահանջվում այն պահպանելու համար։

Հայաստանն, այսպիսով, հաստատակամորեն և անդրդվելիորեն հանձնառու է բազմակողմանիությանը, որի կենտրոնում է Միավորված ազգերի կազմակերպությունը: Հայաստանն, այսպիսով, լիովին հավատարիմ է ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին և սկզբունքներին:

Այս լուսանկարներում, որոնք այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում, դուք կգտնեք այդ հետևողական հանձնառության օրինակները, որոնք արտահայտված են ՄԱԿ-ի տարբեր մարմիններում և կոմիտեներում ակտիվ ներգրավվածության միջոցով կազմակերպության հովանու ներքո համատեղ ջանքերում Հայաստանի ունեցած ներդրմամբ: Հայաստանը նախագահել և աշխատել է տարբեր բյուրոներում և կառավարման մարմիններում, մասնակցել մի շարք խաղաղապահ առաքելությունների, միացել առանցքային կոնվենցիաների և պայմանագրերի, կազմակերպել ՄԱԿ-ի միջոցառումներ և սերտորեն աշխատել ՄԱԿ-ի երկրի թիմի հետ:

Հուսով եմ, որ այս լուսանկարները կկարողանան փոխանցել ՄԱԿ-ի շրջանակներում մեր ունեցած համագործակցության իրական ոգին և ծավալը, և համաչափ կարևորությունը, որ տալիս ենք կազմակերպության բոլոր հիմնասյուներին՝ խաղաղություն և անվտանգություն, մարդու իրավունքներ, օրենքի գերակայություն և զարգացում:

Թույլ տվեք ամփոփել՝ մեջբերելով Քոֆի Անանին, ով հավատացած էր, որ «մեզ միավորում է ավելին, քան բաժանում է»։ Իսկապես, ՄԱԿ-ը եզակի հարթակ է, որը թույլ է տալիս մեզ կառուցելու այն ամենի վրա, ինչը միավորում է մեզ և կամրջելու մեր միջև առկա բացը։ Հայաստանը շարունակում է հաստատակամորեն հավատալ այս առաքելությանը։

Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել բոլորիդ այստեղ մեզ հետ լինելու, և վերջին 30 տարիների ընթացքում այս համաշխարհային բազմակողմ միջավայրում Հայաստանի անցած ուղու հիշարժան դրվագները վերադիտելու համար»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում