Իշխան Սաղաթելյանն արդյունքում հայտնվեց իր իսկ փորած «փոսում»

Իշխան Սաղաթելյանն արդյունքում հայտնվեց իր իսկ փորած «փոսում»

Օրերս իբրև սենսացիոն բացահայտումներով հանդես եկավ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը, ով իրականում ոչ թե մերկացրեց իշխանությանը, ինչպես ինքն էր ակնկալում, այլ հակառակը՝ ավելի ամրացրեց Նիկոլ Փաշինյանի ու իշխանության դիրքերը՝ ապացուցելով, որ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արել է պատերազմի ժամանակ, որպեսզի խուսափենք պարտությունից։

Սաղաթելյանի պնդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը չի հրավիրել նախկին զինվորականներին և որ հենց Փաշինյանը ուղիղ ցուցումներ է տվել, որ նախկին զինվորականներին չներգրավեն պատերազմական գործողություններում։ Սաղաթելյանի այս սուտը բացահայտելու կարիք էլ չկա։ Բոլորին է հայտնի, թե ինչպես են նախկին կարկառուն զինվորականները՝ Սեյրան Օհանյան, Լևոն Մնացականյանը և այլ բարձր սպայական կազմի ներկայացուցիչներ, ովքեր այդ պահին զինվորական պաշտոններ չեն զբաղեցրել, ներառված եղել հրամանատարական աշխատանքներում, արել առաջարկներ ու մշակել ռազմական օպերացիաներ։ Այս մասին գրում է ArmeniaNews-ը:

Սաղաթելյանը մեղադրում է Փաշինյանին, որ նա ի սկզբանե գնում էր մեկ նպատակով՝ կռվել պարտվելու համար։ Այս մերկապարանոց հայտարարությունը հերքում է հենց ինքը Սաղաթելյանը իր պատմածներով հաստատելով, որ Նիկոլ Փաշինյանն արել է ամեն ինչ, կազմակերպել ու պլանավորել հակագրոհներ։ Հենց Սաղաթելյանն է նույն հարցազրույցում մեջբերում Փաշինյանի խոսքերը, որ թշնամուն պետք է հակահարված հասցնել ու պարտադրել հրադադար։ Իշխան Սաղաթելյանը Նիկոլ Փաշինյանին այդ օրերին տեղի ունեցած հանդիպումների ժամանակ մեղադրել է Հադրութի հանձնման մասին իրենց չասելու մեջ՝ նշելով, որ Փաշինյանն իրենց ստեց, այն դեպքում, երբ հենց նույն ինքը՝ Սաղաթելյանն ասում է, որ Փաշինյանը իրենց փաստաթուղթ է ցուցադրել, որտեղ նրան զեկուցել են, որ Հադրութում դեռևս մարտեր են գնում։ Ի՞նչ էր ուզում Իշխան Սաղաթելյանը. Նիկոլ Փաշինյանն անտեսե՞ր իրեն ամենաբարձր պաշտոնական մակարդակով ուղարկված զեկույցը և լսե՞ր Սաղաթելյանի կցկտուր տեղեկություններին ու պնդե՞ր, որ Հադրութն արդեն Ադրբեջանի վերահսկողության տակ է։

Եվ վերջապես, Սաղաթելյանը, ով հանդիսանում է «Հայաստան» դաշինքի ու ՀՅԴ-ի ներկայացուցիչ, որոնք պատերազմից հետո ամեն օր հայտարարում են, թե ինչու Փաշինյանը չի ընդունել ՌԴ նախագահ Պուտինի առաջարկը ու 5+2 շրջանները հանձնելով չի կանգնեցրել պատերազմը, նույն հարցազրույցում ընդունում է, որ ինքը Փաշինյանի հետ հոկտեմբերի 19-ի հանդիպմանն ասել է, որ առանց Արցախի կագարվիճակի պետք չէր հանձնել այդ տարածքները։ Հարկ է հիշեցնել նաև «զարգանալով չզիջելու» գաղափարախոս Սաղաթելյանին, որ իր ներկայացրած քաղաքական ուժը տարիներ շարունակ կոալիցայում է եղել մի ուժի հետ, ով Կազանում պատրաստ է եղել զիջել 7 շրջանները։ Զարմանալիորեն այդ շրջանում Սաղաթելյանը չի ընդվզել զիջելու գաղափարի դեմ։

Բացի վերոնշյալ խեղաթյուրված փաստերից՝ Իշխան Սաղաթելյանն իր հարցազույցում օգտագործեց բազմաթիվ անթույլատրելի պնդումներ, որոնք խոսում են այն մասին, որ Սաղաթելյանը չնայած խոսում էր միասնականության անհրաժեշտության մասին, այնուամենայնիվ, հենց նա է դնում բաժանարար գծեր՝ օգտագործելով «մենք պատրաստ էինք գնալ ու կանգնել Նիկոլ Փաշինյանի բանակի կողքին» ձևակերպումը։ Ուստի հարց է ծագում՝ ինչպե՞ս է ստացվում, որ Հուլիսյան հաղթական մարտերի ժամանակ բանակը փառապանծ գեներալներինն էր, իսկ պարտվելուց հետո՝ դարձավ «Նիկոլ Փաշինյանի բանակ»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում