Բուլղարիան հրաժարվել է հաստատել Հյուսիսային Մակեդոնիայի հարցով ԵՄ բանակցությունների շրջանակը
Բուլղարիան հրաժարվել է հաստատել Հյուսիսային Մակեդոնիայի վերաբերյալ Եվրամիության բանակցությունների շրջանակը՝ փաստորեն արգելափակելով ԵՄ-ին երկրի անդամակցության շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկը, հաղորդում է Reuters-ը:
Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Եկատերինա Զախարիեւան հայտարարել է, որ Սոֆիան առայժմ չի կարող աջակցել ԵՄ-ի եւ Սկոպյեի միջեւ միավորման բանակցությունների մեկնարկին` պատմության եւ լեզվի շուրջ տարաձայնությունների պատճառով:
«Բուլղարիան այս փուլում չի կարող աջակցել Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության հետ բանակցությունների եւ առաջին միջկառավարական համաժողովի անցկացման շրջանակների նախագծին»,- ասել է Զախարիեւան այն բանից հետո, երբ ԵՄ նախարարները քննարկել են այդ հարցը առցանց հանդիպման ժամանակ:
Մարտին ԵՄ-ն համաձայնել էր սկսել անդամակցության մասին բանակցությունները Հյուսիսային Մակեդոնիայի եւ Ալբանիայի հետ: Երկու Բալկանյան երկրների հետ անդամակցության բանակցությունների պաշտոնական մեկնարկը պետք է տեղի ունենար դեկտեմբերին կայանալիք միջկառավարական խորհրդաժողովում:
Զախարիեւան հայտարարել է, որ Բուլղարիան հավանություն է տվել Ալբանիայի շուրջ բանակցությունների շրջանակին:
Կարծիքներ