Իսպանական լրատվամիջոցները անդրադարձել են Ադրբեջանի ռազմական հանցագործություններին

Իսպանական լրատվամիջոցները անդրադարձել են Ադրբեջանի ռազմական հանցագործություններին

Իսպանական լրատվամիջոցներն անդրադարձել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ ռազմագերիներին գնդակահարելու տեսանյութին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, իսպանական «Europa Press» գործակալությունը «ԵՄ-ն պահանջում է հետաքննել ադրբեջանցի զինվորների կողմից հայ զինծառայողների ենթադրյալ մահապատիժները» վերնագրով նյութ է հրապարակել, որում տեղադրել են Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի «Թվիթեր»-ի գրառումը: Լրատվամիջոցը մեկնաբանում է տելեգրամյան ալիքներում տարածված տեսանյութը, որում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները դաժանաբար գնդակահարում հայ գերիներին, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարությունը տեսանյութի վերաբերյալ:

Նմանատիպ վերնագրով նյութ է հրապարկել իսպանական «Cope» ռադիոն:

Նյութը սկսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հայ ռազմագերիների մահապատիժը դատապարտող հայտարարությամբ:

«Սոցցանցերում ևս մեկ սարսափելի տեսանյութ է տարածվել: Ադրբեջանցի զինծառայողները գնդակահարում են հայ ռազմագերիների խմբին Հայաստանի ինքնիշխան տարածքում:

Միջազգային հանրությունը պետք է հստակ դատապարտի և հասցեական գնահատական տա այս պատերազմական հանցագործությանը, ինչպես նաև քայլեր ձեռնարկի Ադրբեջանի ագրեսիան կասեցնելու ուղղությամբ»,- «Cope» ռադիոն մեջբերում է վարչապետի «Թվիթեր»-ի գրառումը:

Նյութում տեղադրվել է նաև Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի «Թվիթեր»-ի գրառումը:

Իսպանական «Cadena SER» ռադիոն իր հերթին «Հայաստանը դատապարտել է հրադադարի համաձայնագրից մեկ շաբաթ անց Ադրբեջանի կողմից մի խումբ ռազմագերիների սպանությունը» վերնագրով նյութ է հրապարակել, որում ևս տեղադրվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գրառումները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում