Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունները Թբիլիսիի խորհրդարանի շենքի առջև վերսկսել են բողոքի ակցիան

Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունները Թբիլիսիի խորհրդարանի շենքի առջև վերսկսել են բողոքի ակցիան

Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները և նրանց աջակիցները նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջով հերթական բողոքի ակցիան են անցկացնում Թբիլիսիի խորհրդարանի շենքի առջև, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Պահանջները մնում են նույնը և գործելու են այնքան ժամանակ, քանի դեռ արդյունքի չենք հասել։ Մենք պահանջում ենք անցկացնել նոր խորհրդարանական ընտրություններ, փոխել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարությանը և քաղբանտարկյալներին ազատ արձակել։ Այն հանգամանքը, որ կողմերի միջև երկխոսություն է սկսվել, չի նշանակում, որ փողոցային բողոքները կդադարեն», - հայտարարել է «Միասնական ազգային շարժում » կուսակցության անդամ Զաալ Ուդումաշվիլին։

Վրաստանի խորհրդարանական ընտրությունները կայացել են հոկտեմբերի 31-ին։ ԿԸՀ-ի տվյալներով՝ 100 տոկոս ձայների հաշվարկից հետո «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը ստացել է ձայների 48,22 տոկոսը: Խորհրդարան են մտնում յոթ քաղաքական կուսակցություններ և երկու դաշինք։

Ընդդիմադիր ուժերը չեն ճանաչում ընտրությունների արդյունքների լեգիտիմությունը և հրաժարվում են պատգամավորական մանդատներից: Նրանք պահանջում են նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում