Դուք փորձառու քաղաքական գործիչ եք. Լուկաշենկոն շնորհավորել է Փաշինյանին

Դուք փորձառու քաղաքական գործիչ եք. Լուկաշենկոն շնորհավորել է Փաշինյանին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան օրվա առթիվ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ շնորհավորական ուղերձում ասվում է.  «Խնդրում եմ ընդունեք շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ՝ մաղթելով քաջ առողջություն և ուժ՝ ձեր ժողովրդին ծառայելու բարձր առաքելությունը կատարելու գործում։ Դուք փորձառու քաղաքական գործիչ եք և Ձեր երկարամյա գործունեության ընթացքում մեկ անգամ չէ, որ համոզվել եք, որ միջազգային հարաբերություններում ամենաճիշտ կողմնացույցը ժողովրդական դիվանագիտությունն է։ Եվ այն մեզ միշտ անսխալ ցույց է տվել մերձեցման և համագործակցության ուղին։ Եթե ​​գնանք այս ուղով, եթե հետևենք մեր փառապանծ նախնիների դարավոր ավանդույթներին, ապա միասին կարող ենք շատ ավելիին հասնել։ Արդեն զգալի հիմքեր են ստեղծվել»:

Լուկաշեկոն համոզմունք է հայտնել, որ առևտրի, արդյունաբերության և հումանիտար ոլորտում առկա զարգացումներն ամենաբարձր մակարդակով աջակցության շնորհիվ լրացուցիչ հնարավորությունների հորիզոններ կբացեն Երևանի և Մինսկի համար։

«Ակնկալում եմ շարունակել կառուցողական երկխոսությունը՝ հարցերի լայն շրջանակի շուրջ՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային և ինտեգրացիոն հարթակներում: Խաղաղություն և բարօրություն ձեր հարազատներին և ընկերներին, ողջ բարեկամ հայ ժողովրդին»,- մաղթել է Բելառուսի նախագահը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում