Կապիտալ ծախսերը կավելանան 55 տոկոսով. Փաշինյանը ներկայացնում է 2022 թվականի բյուջեի նախագիծը

Կապիտալ ծախսերը կավելանան 55 տոկոսով. Փաշինյանը ներկայացնում է 2022 թվականի բյուջեի նախագիծը

Հայաստանում 2022 թվականի բյուջեի նախագծով նախատեսվում է կապիտալ ծախսերն ավելացնել 55 տոկոսով, դրանք կկազմեն 347 մլրդ դրամ: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանը:

«Այսօր ներկայացնում ենք կառավարության հնգամյա ծրագրի առաջին բյուջեն, որ կոչված է ամուր հիմքեր ստեղծելու հնգամյա ծրագրի իրագործման համար: 2022-ի համար մենք նախատեսում ենք 7 տոկոս տնտեսական աճ՝ չնայած այն բանի, որ ընթացիկ տարվա մեծ մասը նշանավորվեց քաղաքական և անվտանգային անկայուն միջավայրով, մեր տնտեսությունն այսօր գերազանցում է  աճի համար 2021-ի համար արված բոլոր կանխատեսումները: Մյուս կողմից կառավարությունը տարվա արդյունքներով ավելիի հույս ունի»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ 2021-ի սեպտեմբերին ՀՀ-ում գրանցվել է վճավող աշխատատեղերի թվի բացարձակ ռեկորդ, 651 հազար 141 վճարվող աշխատատեղ: Հայաստանում ավելի բարձր ցուցանիշ երբևէ չի եղել:  Այս տարվա ցուցանիշը նախորդ տարվանից բարձր է 3 տոկոսով:

Ընթացիկ տարվա բավականին բարձր՝ 6.4 տոկոս  գնաճի ֆոնին նա կարևոր համարեց ընդգծել, որ սեպտեմբերին համախառն աշխատավարձի ֆոնդը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ աճել է 15.3 տոկոսով կամ 19 մլրդ 308 մլն դրամով, իսկ մեկ աշխատողի աշխատավարձը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ՝ 11.9 տոկոսով կամ 23 հազար 782 դրամով: Էականորեն՝ ավելի քան 20 տոկոսով աճել է արտահանումը, ընդ որում աճել է ոչ միայն հանքահումքային ռեսուրսի, այլև պատրաստի արտադրանքի և գյուղմթերքի արտահանումը: Շինարարության ծավալներն ընթացիկ տարում աճել են  7 տոկոսով, ծառայությունների աճը սեպտեմբերի դրությամբ կազմել  է ավելի քան 5 տոկոս: «Այս գործոնները 7 տոկոս տնտեսական աճի թիրախը դարձնում են իրատեսական, մանավանդ, որ արդեն իսկ մեկնարկել են և, հուսով եմ, հաջողությամբ ավարտին կհասցվեն մի քանի խոշոր ներդրումային ծրագրեր, որոնց առաջնային թիրախը Հայաստանը հանքահումքային ռեսուրս արտահանող երկրից ուժեղ մետալուրգիայի և մետաղի մշակման հնարավորինս երկար շղթա ունեցող երկիր դարձնելն է»,-ասաց նա:

2022 թվականի բյուջեի եկամուտները, ըստ նախագծի, կազմում են 1 տրլն 946 մլրդ դրամ, որը 2021-ի նկատմամբ ավել է 17 տոկոսով, իսկ 2020-ի նկատմամբ՝ 25 տոկոսով: «Ծախսերը կազմում են 2 տրլն 190 մլրդ դրամ, որը 2021-ի նկատմամբ ավել է 10 տոկոսով, 2020-ի նկատմամբ՝ 16 տոկոսով: 2022-ի կապիտալ ծախսերը կազմում են 347 մլրդ դրամ, որը 2021-ի նկատմամբ ավել է 55 տոկոսով, իսկ 2020-ի նկատմամբ՝ 53 տոկոսով»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը նշեց՝ 2022 թվականի պետական բյուջեն հիմնված է  3 առաջնահերթությունների վրա՝ անվտանգության համակարգի բարեփոխում և բարելավում, ենթակառուցվածքների զարգացում, կրթության և գիտության արդիականացում: