Տպավորություն է՝ անընդհատ վերահաստատում է իր «պարտնյորներին», որ «էս» գծի մեջ է. Ռուբինյանը՝ Հայկ Մարությանի մասին
Արտաքին քաղաքական ուժերը, որոնք չեն ուզում՝ Հայաստանը լինի անվտանգ և զարգանա, այն ուժերը, որոնք ուզում են քաոս ստեղծել Հայաստանի ներսում, այս ընտրությունները փորձում են օգտագործել դրա համար:
Այս մասին երեկ Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հարցազրույց» հաղորդաշարի ժամանակ ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, Թուրքիայի հետ բանակցություններում ՀՀ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը:
Վերջինս նկատել է, որ պատահական չէ ո՛չ ընդդիմության հանրահավաքը, ո՛չ ադրբեջանական հարձակումը, և որ դա տեղի է ունենում ընտրությունների ընթացքում: Ըստ նրա՝ այդ ուժերի մեծ մասը այս տրամաբանության մեջ է:
Հարցին՝ Մարությանը ևս՞ այդ տրամաբանության մեջ է, Ռուբինյանը դրական պատասխան է տվել:
«Պարոն Մարությանը 2018-ին եկել, դարձել է ՔՊ անդամ, հետո առաջադրվել է կուսակցության ներսում որպես քաղաքապետի ապագա թեկնածու, ժողովուրդը, մեզ ձայն տալով, նրան ընտրել է քաղաքապետ: Մարությանն աշխատել է քաղաքապետ, չի լքել ՔՊ-ն, քննադատությամբ հանդես չի եկել, չի ասել, որ ՔՊ-ն դավաճանել է հեղափոխության արժեքներին, բայց մեկ էլ հանկարծ 2020-ի պատերազմի ավարտից հետո, երբ կրկին նույն տրամաբանությամբ հարձակում էր գնում բոլոր պետական և ժողովրդավարական ինստիտուտների դեմ, այդ նույն օրերին, երբ Արարատ Միրզոյանին փորձում էին սպանել, պարոն Մարությանը դիմում էր գրում ՔՊ-ից դուրս գալու համար»,- նշել է նա:
Ռուբինյանի խոսքով՝ երբ Մարությանն ասում է, թե ՔՊ-ն սեփականաշնորհել է հեղափոխությունը, իր մոտ բնական հարց է առաջանում. «Եթե պարոն Մարությանը համարում է, որ ինքը հեղափոխության փայատեր է, ինչո՞ւ 2020 թվականի նոյեմբերի 9-ին տեր չէր կանգնում հեղափոխությանը: 2021 թվականի արտահերթ ընտրությունների ժամանակ, երբ որ այն բոլոր ուժերը, որոնց նա անվանում էր սև, փորձում էին հեղափոխության արժեքները հետ պտտել, ինչո՞ւ ինքը տեր չէր կանգնում այդ արժեքներին, ինչո՞ւ էր միայնակ թողել հեղափոխության արժեքները, ժողովրդավարությունը, պետական ինստիտուտները, ինքնիշխանությունը»:
Ռուբինյանը նաև նշել է՝ կարո՞ղ է ենթադրել, որ Մարությանն ինչ-որ կետում մտածել է, որ թերևս իշխանությունը փլուզվում է, որ գալու են այլ ուժեր, և ինքը ոչ միայն չի ցանկացել մնալ փլատակներում, այլ նաև փորձել է, ըստ էության, տեղավորվել իր պատկերացրած ապագա համակարգում, ինչպես ինքը կասեր՝ սև համակարգում. «Նա գրեթե ամեն օր հայտարարում է, որ ՔՊ-ի հետ կոալիցիա չի կազմելու: Ինձ մոտ տպավորություն է, որ ինքը անընդհատ վերահաստատում է իր պարտնյորներին, որ էս գծի մեջ է: Մի կողմ թողնենք այն փաստը, որ ՔՊ-ն չի էլ ուզում իրենց հետ կոալիցիա կազմել, և վստահ եմ, որ դրա կարիքը չի էլ լինի»:
Կարծիքներ