Մեզ համար վստահությունը հատկապես այսօր մեծ նշանակություն ունի. ՀՀ նախագահը՝ Հունաստանի ԱԳ նախարարին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 16-ին հյուրընկալել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է. «Բարձր ենք գնահատում Ձեր այցը ցանկացած ժամանակ, սակայն հատկապես այսօր, երբ մենք իսկապես դժվարին ժամանակներ ենք դիմագրավում, բարեկամությունն ու վստահությունը մեծ նշանակություն ունեն»:
Հանրապետության նախագահն ասել է, որ բարեկամ Հունաստանի համար նույնպես ներկայումս բարդ ժամանակներն են, բարեբախտաբար, «այնտեղ չկան այն ծավալն ու բռնության աստիճանը, որ առկա են Հայաստանի և Արցախի պարագայում»: «Սակայն անկայունության և բռնության աղբյուրը նույնն է»,-ասել է Հայաստանի նախագահը:
Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասն ասել է, որ երկու ժողովուրդների բարեկամությունը դարերի ընթացքում ամրացել է: «Դա արտահայտվել է ոչ միայն մեր հարաբերություններով, փոխընկալմամբ, այլ նաև մեր ընդհանուր ցավով,- նշել է Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: -Դուք անցել եք ցեղասպանության միջով, մենք ևս՝ Պոնտոսի հույները, անցել ենք ցեղասպանության միջով: Մենք միշտ հիշում ենք դա և չենք կարող թույլ տալ, որ այն մոռացվի: Զարգացման ընթացքում մեր երկրները ագրեսիայի զոհ են դարձել, դա միանշանակ է: Դուք այսօր դիմագրավում եք շատ ավելի դժվարին իրավիճակների: Դա ակնհայտ է: Իմ այցը Երևան դիտարկում եմ որպես մեր բարեկամության և աջակցության խորհրդանիշ՝ ուղղված Հայաստանին և հայ ժողովրդին»:
Հանդիպմանն անդրադարձ է եղել Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիային և նրա կողմից Հայաստանի տարածքի նկատմամբ կատարված ոտնձգություններին, հրադադարի վերաբերյալ ձեռք բերված համաձայնությանը և այն պահպանելու կարևորությանը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից այն շարունակաբար խախտելուն:
Քննարկվել են նաև երկու բարեկամ երկրների միջև համագործակցության հետագա խորացմանը վերաբերող հարցեր:
Կարծիքներ