«Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին» մայր օրենքի նախագիծն է դրվել շրջանառության մեջ

«Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին» մայր օրենքի նախագիծն է դրվել շրջանառության մեջ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ կրթական, մշակութային և մարզական հաստատությունների ինքնուրույնության բարձրացմանն ուղղված հերթական օրենքի նախագիծն է դրվել շրջանառության մեջ։ Հայրապետյանի գրառումը ներկայացնում ենք ստորև․

Սիրելի՛ հայրենակիցներ,

Քիչ առաջ գործընկերներիս՝ Արտակ Մանուկյանի, Ալեն Սիմոնյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Համազասպ Դանիելյանի և Ծովինար Վարդանյանի հետ միասին շրջանառության մեջ դրեցինք «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին» մայր օրենքի նախագիծը:

Հուսով ենք՝ մեր նախաձեռնությունը կկանոնակարգի նվիրաբերությունների և անհատույց այլ միջոցների ներգրավման հարցերը և կդնի դրանց կառավարման ինստիտուցիոնալ հիմքերը: Նման ֆոնդերի կարգավորման պահանջը հասունացել էր վաղուց, և ինչպես ցույց է տալիս փորձը, այս ֆոնդերը զգալիորեն նպաստում են ուսումնական հաստատությունների, թանգարանների, գրադարանների, մարզական և այլ կազմակերպությունների ֆինանսական կայունության ապահովմանը:

Օրինակ՝ ԱՄՆ-ում, որտեղ էնդաումենթներն ամենամեծ տարածումն են գտել բարձրագույն կրթության համակարգում, Հարվարդի համալսարանի էնդաումենթը 2017 թվականին կազմել է 37 միլիարդ դոլար, իսկ ԱՄՆ կրթական հաստատությունների կողմից հավաքագրված էնդաումենթների ընդանուր ծավալը կազմել է շուրջ 600 մլրդ ԱՄՆ դոլար: Մեր կողմից շրջանառության մեջ դրված նախագծով ակնկալում ենք կանոնակարգել՝

1) Էնդաումենթի ձևավորման, համալրման և կառավարման կարգը,

2) Էնդաումենթի կազմակերպա-իրավական տեսակը և իրավական վիճակի առանձնահատկություները,

3) Էնդաումենթից ստացված եկամուտները տնօրինելու կարգը,

4) Էնդաումնեթին միջոցներ տրամադրող անձինք և նրանց իրավասությունները,

5) Էնդաումենթների գործունեությունը խթանելու նպատակով հարկային արտոնությունների կիրառումը,

6) Էնդաումենթների գործունեության նկատմամբ վերահսկողությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում