ԵԱՏՄ երկրները պետք է օպերատիվ կերպով հարմարվեն արագ փոփոխվող արտաքին և ներքին պայմաններին. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

ԵԱՏՄ երկրները պետք է օպերատիվ կերպով հարմարվեն արագ փոփոխվող արտաքին և ներքին պայմաններին. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստին, որն անցկացվել է տեսակապի միջոցով: Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ- Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր ժապարովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունը:

ԵԱՏՄ-ում որպես դիտորդ պետություններ՝ ելույթներով հանդես են եկել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Կուբայի Հանրապետության նախագահ Միգել Մարիո Դիաս-Կանել Բերմուդեսը:

Վարչապետ Փաշինյանն իր ելույթում նախ շնորհակալություն է հայտնել ղրղզական կողմին՝ այսօրվա հանդիպումը կազմակերպելու և քննարկման թեմաների լայն շրջանակ մշակելու ուղղությամբ ջանքերի համար։ Ողջունելով ԵԱՏՄ անդամ և դիտորդ երկրների ղեկավարներին՝ ՀՀ կառավարության ղեկավարը նշել է. «Մենք անցկացնում ենք Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի այս տարվա առաջին նիստը, ինչի կապակցությամբ ցանկանում եմ բոլորիս հաջողություն մաղթել համատեղ արդյունավետ աշխատանքի շարունակման գործում։

Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրումից հետո անցել է ընդամենը 8 տարի, սակայն ԵԱՏՄ-ն արդեն ամենադինամիկ զարգացող ինտեգրացիոն միավորումներից է, ինչի մասին են վկայում նաև «Ռազմավարություն-2025»-ի իրականացման արդյունքները։

Այնուամենայնիվ, մեր երկրները պետք է օպերատիվ կերպով հարմարվեն արագ փոփոխվող արտաքին և ներքին պայմաններին։ Կարծում եմ, որ մենք արդեն պետք է ուրվագծենք 2025 թվականից հետո ռազմավարական փուլում մեր Միության զարգացման հորիզոնները՝ հաշվի առնելով ձևավորվող աշխարհակարգը։

Անհրաժեշտ է ավելի լայն հայացք նետել ինտեգրացիոն նախագծին, դնել ու իրականացնել հավակնոտ նպատակներ, յուրացնել համագործակցության նոր ոլորտներ ու ոլորտներ։

Հարգելի գործընկերներ,

որպես ժամանակի պահանջներին և մարտահրավերներին հարմարվելու գործիք՝ մենք կարևորում ենք ԵԱՏՄ անդամ-պետությունների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական ուղեցույցների հետևողական իրականացումը, որտեղ սահմանվում են մեր երկրների տնտեսությունների առջև ծառացած կարևորագույն խնդիրները։

Ցանկանում եմ նշել Հանձնաժողովի՝ ԵԱՏՄ անդամ երկրների հետ համատեղ կատարած մեծ աշխատանքը ներքին շուկայում խոչընդոտները վերացնելու ուղղությամբ։ Այս համատեքստում չի կարելի անտեսել դրանց առաջացման բուն պատճառները, քանի որ դրանք հիմնականում կրում են տնտեսական բնույթ։ Համոզված եմ, որ մեր տնտեսությունները զարգացնելուն և երրորդ երկրների շուկաներ մուտք գործելու նպատակով արդյունաբերական համագործակցության ուղղված համակարգված գործողությունները կդառնան ներքին շուկայում խոչընդոտների զգալի կրճատման բանալին։

Արդյունաբերական համագործակցության ակտիվացումը, համատեղ ձեռնարկությունների ու նորարարական նախագծերի զարգացումն ու իրականացումը, ինչպես նաև գիտատեխնիկական համագործակցությունը թույլ կտան կապել «գիտական հայտնագործություններ» - «արդյունաբերական ոլորտ» շղթան։

Հարկ է նաև արձանագրել, որ տեղեկատվական տեխնոլոգիաների առաջանցիկ զարգացումը, թվայնացումը մեր երկրների լիազոր մարմինների և տնտեսվարող սուբյեկտների միջև փոխգործակցության ժամանակակից ձևերի զարգացման կարևորագույն պայմաններն են։ Իսկ վստահությունը փոխգործակցության ընթացքում՝ այն հիմքն է, որի միջոցով մենք կարող ենք ապահովել ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը:

Միևնույն ժամանակ, մենք պետք է հասկանանք, որ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների զարգացման և թվայնացման արդի պայմաններում ցանկացած քայլ կարող է իրականացվել միայն տեղեկատվական անվտանգության պատշաճ մակարդակի առկայությամբ։

Հարկ է նշել նաև համաշխարհային տնտեսության՝ վերջին ամիսներին աննախադեպ ծավալներ և խորություն ստացած մարտահրավերների ռիսկերը նվազագույնի հասցնելու մեխանիզմների մշակման կարևորությունը։ Մեր կարծիքով, նպատակահարմար է մտածել պիլոտային նախագծերի և համատեղ միջոցառումների մշակման մասին, որոնք ուղղված կլինեն առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը և կոոպերացիոն փոխգործակցության ամրապնդմանը։

Միևնույն ժամանակ, անդամ-պետությունների կայուն տնտեսական աճ ապահովելու համար անհրաժեշտ է ինտեգրացիոն գործընթացների զարգացման արդիական հարցերի շուրջ մշտապես համագործակցել գործարար համայնքի հետ։ Բիզնեսի շահերը հաշվի առնելու և առաջ մղելու, ծրագրերի իրականացմանը գործարար համայնքի մասնակցության ընդլայնման տեսակետից ցանկանում եմ առանձնացնել երեկ տեղի ունեցած Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում իրականացված աշխատանքը։

Փորձագիտական քննարկումներն արդյունավետ գործիք են ներկա իրավիճակի համապարփակ գնահատման և դրա հիման վրա մեր միավորման կայուն զարգացմանն ուղղված գործնական միջոցառումներ մշակելու համար:

Գործընկերներ,

միջազգային համագործակցության համատեքստում արդիական է թվում երրորդ երկրների գործընկերների հետ շփումների ձևավորումը և փոխգործակցության կոնկրետ շղթաների կառուցումը: Կարող եմ վստահորեն նշել, որ տարիների ընթացքում Միությունը զգալիորեն ընդլայնել է միջազգային համագործակցության հորիզոնները։

Կարևոր եմ համարում հերթական անգամ ուշադրություն հրավիրել Իրանի և ԵԱՏՄ-ի միջև լիարժեք ազատ առևտրի համաձայնագրի շուտափույթ կնքման հարցում Հայաստանի շահագրգռվածության վրա։ Թեհրանի հետ ժամանակավոր համաձայնագրի գործունեության փորձը հստակ ցույց է տալիս իրանական շուկայի գրավչությունը և համագործակցության հետագա խորացման հեռանկարները։

Այսօր մենք նաև նախատեսում ենք Ինդոնեզիայի Հանրապետության հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկը տալ։

Կարևոր է այսուհետ ևս շարունակել հագեցնել միջազգային օրակարգը, որպեսզի և՛ Միության երկրները, և՛ մեր գործընկերները տեսնեն փոխշահավետ համագործակցության շոշափելի արդյունքներ։

Հանդիպման հարգելի մասնակիցներ,

Եզրափակելով՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ համատեղ աշխատանքի համար և ևս մեկ անգամ հաստատել հայկական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու յուրաքանչյուր անդամ-պետության և միավորման շահերին համապատասխանող համատեղ որոշումների մշակմանն ու ընդունմանն ուղղված ջանքեր գործադրել։

Շնորհակալություն ուշադրության համար»։

Խորհրդի նիստում անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ միջազգային գործունեությանը, Միության շրջանակում տարբեր ոլորտների շուկաներում փոխգործակցության դյուրացմանն ու հետևողական պարզեցմանը, ինչպես նաև նախորդ նիստում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը վերաբերող հարցերի:

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում