2020թ. կարևոր ձեռքբերումներից է բոլոր մարզերում ընտանեկան բռնության աջակցության կենտրոնների գործարկումը. Տաթևիկ Ստեփանյան
«2020 թվականի կարևոր ձեռքբերումներից է հանրապետության բոլոր մարզերում ընտանեկան բռնության աջակցության կենտրոնների գործարկումը, որի արդյունքում սոցիալ-հոգեբանական, իրավաբանական ծառայություններ են մատուցել շուրջ 1,100 անձի։ Այս ընթացքում պետության համաֆինանսավորմամբ սկսել է գործել նաև 2 ապաստարան, գործարկվել է ընտանեկան բռնության զոհերին միանվագ ֆինանսական աջակցություն տրամադրելու ծրագիրը»,- «Եվրոպայի խորհրդի կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայի վավերացման ուղին Հայաստանում» առցանց քննարկման ընթացքում նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։
Ընդգծելով Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ համագործակցության շրջանակում ձևավորված փոխվստահությունը՝ նախարարի առաջին տեղակալը կարևորել է ընտանեկան և կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանն ուղղված համատեղ իրականացվող աշխատանքները։
Ըստ այդմ՝ առաջիկայում ԵԽ երևանյան գրասենյակի աջակցությամբ վերապատրաստումներ կիրականացվի նախարարության սոցիալական աշխատողների համար։ Ավարտին կհասցվի ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի հանրային իրազեկման քարոզարշավը․ միջգերատեսչական և հանրային քննարկմանը կներկայացվի ընտանիքում բռնության դեմ պայքարի կազմակերպման 2021-2023 թթ միջոցառումների ծրագիրը:
Քննարկման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև 2020թ․ պատերազմի ընթացքում տուժած, խոցելի խմբերի կանանց խնդիրներին՝ կարևորելով վերջիններիս տնտեսական հզորացման և կարողությունների զարգացման ծրագրերի իրականացումը։ Վերահաստատվել է ամուր և սերտ գործընկերային փոխհարաբերությունների:
Կարծիքներ