Ռուսաստանը ռազմական համագործակցության ակտիվացում է ակնկալում ՀԱՊԿ շրջանակներում
Ռուսաստանն ակնկալում է ակտիվացնել ռազմական համագործակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում: Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստում հայտարարել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Վալերի Գերասիմովը, գրում է EADaily լրատվականը:
Գերասիմովը շնորհակալություն է հայտնել հանդիպման մասնակիցներին այն բանի համար, որ նրանք, չնայած պահպանվող բարդ համաճարակաբանական իրավիճակին, եկել են Մոսկվա:
«Հուսով ենք, որ դա լավ նշան կլինի ՀԱՊԿ շրջանակներում ռազմական համագործակցության խթանման համար, և հանդիպման արդյունքները կծառայեն մեր պաշտպանության գերատեսչությունների փոխգործակցության էլ ավելի խորացմանը»,-ասել է Գերասիմովը:
ՀԱՊԿ ռազմական կոմիտեի ղեկավար Գերասիմովը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է դրա կազմում կատարված փոփոխությունների մասին:
«Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը նշանակվել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ: Բելառուսի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնում նշանակվել է գեներալ-մայոր Վիկտոր Գուլևիչը: Գեներալ-մայոր Էրլիս Տերդիկբաևը դարձել է Ղրղզստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ»,-նշել է նա:
«Ներկաների անունից շնորհավորում եմ իմ գործընկերներին բարձր պաշտոններում նշանակվելու կապակցությամբ: Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, հաջողություններ ձեր կարիերայում և արդյունավետ աշխատանք ռազմական կոմիտեում », - հավելել է ՌԴ ԶՈւ ԳՇ պետը:
Կարծիքներ