Դրեզդենում փլուզվել է Էլբա գետի վրայով ձգվող կամուրջը
Գերմանիայի Դրեզդեն քաղաքում լույս սեպտեմբերի 11-ի գիշերը Կարոլա կամրջի մի խոշոր հատված ընկել է Էլբա գետը։ Ջուրն է ընկել կամրջի՝ 100 մ երկարությամբ հատվածը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:
Տեղական ԶԼՄ-ները, հղում անելով փրկարար ծառայություններին, հաղորդել են, որ կամրջի մասնակի փլուզումը տեղի է ունեցել գիշերվա մոտավորապես ժամը երեքին` դեռևս չպարզված պատճառներով։ Վթարի հետևանքով վնասվել են ջերմամատակարարման երկու խոշոր գծերը, ինչը բացասաբար է ազդել ամբողջ քաղաքի ջեռուցման հետ կապված իրավիճակի վրա։
Փրկարարական ծառայությունների հաղորդագրությամբ՝ շարքից դուրս է եկել Դրեզդենի ջերմամատակարարման ողջ համակարգը, տաք ջրի հոսքերն ամբողջությամբ հեղեղել են ափի մի մասը։Կամրջի փլուզման հետևանքով ոչ ոք չի տուժել։ Ներկայում դեպի Կարոլա կամուրջ բոլոր մատույցները փակ են։ Քաղաքի իշխանությունները մարդկանց խնդրում են չմոտենալ վթարի գոտուն և չխանգարել վթարային ծառայություններին:
Կարծիքներ