Ալեքսեյ Նավալնին դատապարտվեց 9 տարվա ազատազրկման

Ալեքսեյ Նավալնին դատապարտվեց 9 տարվա ազատազրկման

Լեֆորտովոյի դատարանը Վլադիմիրի մարզում տեղի ունեցած արտագնա հանդիպման ժամանակ ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին դատապարտել է 9 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում՝ 1,2 մլն ռուբլի տուգանքով, հայտնում է Մեդիա զոնան։ Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դատարանն ընդդիմադիր գործչին մեղավոր է ճանաչել «առանձնապես խոշոր չափերի խարդախության համար»։ Անցյալ շաբաթ դատախազը պահանջել էր Ալեքսեյ Նավալնիին մեղավոր ճանաչել «խարդախության և դատարանի նկատմամբ արհամարհական վերաբերմունքի մեջ» ու դատապարտել 13 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում։ Մեղադրող կողմը նաև խնդրել է քաղաքական գործչից բռնագանձել 1,2 միլիոն ռուբլի տուգանք։ «Ինձ չի հետաքրքրում, եթե նույնիսկ դուք պահանջեք 113 տարի, չեք վախեցնի ինձ կամ ինձ նման մարդկանց»,- մարտի 15-ին տեղի ունեցած դատավարության ժամանակ հնչեցրած իր վերջին խոսքում հայտարարել է Նավալնին։ Հիշեցնենք՝ ՌԴ վարչակազմի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին ձերբակալվել է 2021 թվականի հունվարի 17-ին՝ Գերմանիայից Մոսկվա վերադառնալուց հետո, որտեղ բուժման և վերականգնողական կուրս էր անցնում «Նովիչոկ»-ով թունավորվելուց հետո։ Փետրվարին Իվ Ռոշեի գործով պայմանական ազատազրկումը դատարանը փոխարինել է իրականով։ Ընդդիմադիր գործիչը պետք է կալանքի տակ անցկացնի 2 տարի 6 ամիս։ Մոսկվայի Լեֆորտովոյի շրջանային դատարանը փետրվարի 2-ին քրեական գործ էր հարուցել ընդդիմադիր գործիչ նկատմամբ՝ «խարդախության և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի» վերաբերյալ։ Սույն գործի հարուցման մասին հայտնի դարձավ 2021 թվականի մայիսին։ Խոսքը Մոսկվայի Բաբուշկինսկի շրջանի N321 բաժնի դատավոր Վերա Ակիմովային, իբր, վիրավորանք հասցնելու մասին է, որը Նավալնիին մեղավոր է ճանաչել վետերանին զրպարտելու համար։
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում