Վիեննայում ընթանում է Իրանի միջուկային ծրագրի հարցերով Համատեղ հանձնաժողովի նիստը

Վիեննայում ընթանում է Իրանի միջուկային ծրագրի հարցերով Համատեղ հանձնաժողովի նիստը

 Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ընթանում է Իրանի միջուկային ծրագրի հարցերով Համատեղ հանձնաժողովի երկրների նիստը: Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Եվրոնյուս»-ի հաղորդագրությունը:

Ըստ աղբյուրի՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ համաձայնության են հասել փոխարինելու տեսախցիկները ցենտրիֆուգների արտադրությունում այն բանից հետո, երբ դրանք, ըստ լուրերի, վնասվել են հարձակման հետևանքով, ինչի համար Թեհրանը մեղադրում է Իսրայելին:

Իրանն էլ հայտարարել է, որ ՄԱԳԱՏԷ-ն կկարողանա ուսումնասիրել տեսանյութը միայն պատժամիջոցների վերացումից հետո։

«Երբ Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն համաձայնեն դրան՝ մենք տեղեկատվության հասանելիություն կստանանք: Նախադրյալը, որի հիման վրա ստորագրվել է այդ պայմանագիրը, այն էր, որ դա տեղի կունենա, երբ համաձայնություն ձեռք բերվի, և ես ենթադրում եմ, որ համաձայնության կհասնենք այն ժամանակ, երբ հանվեն պատժամիջոցները, բայց դա այլ մարդկանց որոշելիքն է», - ասել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին:

Ինչպես նշում է «Եվրոնյուս»-ը՝ Վիեննայի բանակցությունների նպատակն է Ամերիկայի Միացյալ Նահանգները վերադարձնել Իրանի միջուկային համաձայնագրի մասնակցությանը, ինչպես նաև ստիպել Թեհրանին դադարեցնելու իր միջուկային գործունեությունը:

Իրանի միջուկային համաձայնագիրը՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը, ստորագրվել է 2015 թվականին Իրանի Իսլամական Հանրապետության և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամ պետությունների ու Գերմանիայի միջև՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը կարգավորելու նպատակով: Միացյալ Նահանգների նախորդ նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականին որոշում ընդունեց իր երկիրը նշված համաձայնագրից դուրս բերելու մասին, սակայն գործող նախագահը՝ Ջո Բայդենը, կողմ է Գործողությունների համապարփակ ծրագրին ամերիկյան կողմի մասնակցությունը վերականգնելուն:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում