Կառավարությունն օգնություն կտրամադրի Իրաքյան Քուրդիստանի ճամբարներում հայտնված եզդի փախստականներին, քրդերին ու ասորիներին.Ռուստամ Բաքոյան
ՀՀ կառավարությունը օգնություն կտրամադրի Իրաքյան Քուրդիստանի ճամբարներում հայտնված եզդի փախստականներին, ներքին տեղահանության ենթարկված քրդերին ու ասորիներին։
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:
«Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօր որոշում է կայացրել Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսությանը հատկացնել 80 000 ԱՄՆ դոլար՝ անհրաժեշտ ապրանքների գնման, օգնության բաշխման նպատակով` յուրաքանչյուր անձի համար շուրջ 100 ԱՄՆ դոլարի հաշվարկով։
Ընդհանուր գումարի մնացորդ 30 000 ԱՄՆ դոլարն էլ կհատկացվի տարբեր ճամբարներում բնակվող եզդի և այլ փոքրամասնությունների փախստականների համար տաքացուցիչներ (ֆուջիկա) և ծածկոցներ ձեռք բերելու համար։
Բոլորիս է հայտնի, թե ինչպիսի կենցաղային ծանր պայմաններում են ապրում և գոյատևում ազգային փոքրամասնությունները ողջ Քուրդիստանի տարածքում։
Այո, մարդասիրական աջակցության կարիքը մշտապես առկա է` քանի դեռ շարունակում են չլուծված մնալ բազմաթիվ խնդիրներ»,- գրել է նա։
Կարծիքներ