«Ամեն վարակված 100 մարդուց կմահանա 2-ը». Ֆրանսիայից ժամանած պրոֆեսոր
Ֆրանսիայից ժամանած բժկական թիմի ղեկավար Ալեքսանդր Մինիոնն, ով ևս ելույթ ունեցավ պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցին, հայտնեց, որ շոյված է իրենց հանդեպ վերաբերմունքից ու ջերմ ընդունելությունից: Նա նաև իր հիացմունքը հայտնեց հայ բժիշկների աշխատանքից, ովքեր, թեև շատ հոգնած են, բայց շարունակում են կյանքեր փրկել:
«Կա նոր լուր, որ Դեքսամետազոն դեղամիջոցն արդեն կարող է օգտագործվել Հայաստանում, սակայն, ինչպես բազմիցս նշվել է, այս հիվանդությունը երկար է տևելու և այնպես չէ, որ այս դեղամիջոցն անմիջապես կանգնեցնելու է վարակի տարածումը»,- նշեց Ֆրանսիայից ժամանած պրոֆեսորը:
Ի պատասխան վարչապետը շեշտեց, որ Դեքսամետազոնը Հայաստանում վարակի դեմ պայքարում կիրառվում է հենց առաջին օրերից, բայց դա կիրառելու որոշումը հիմնականում բժշկի ուսերին է եղել: Այժմ, քանի որ միջազգային արձագանքները ևս դրական են, Դեքսամետազոնի կիրառումն ավելի կընդլայնվի, դեղը, որը մատչելի է, կա Հայաստանում, և դրա պակաս չի լինի: «Քանի որ դա հորմոնային դեղ է, ապա կարելի է օգտագործել միայն բժշկի ցուցումով»,- զգուշացրեց Փաշինյանը:
Իր խոսքում Ալեքսանդր Մինիոնը նաև հիշեցրեց կորոնավիրուսի վիճակագրությունը. «Ամեն վարակված 100 մարդ հիվանդանոց կուղարկի 15 մարդու, նրանցից 5-ը կհայտնվեն վերակենդանացման բաժանմունքում, իսկ 2-ն անպայման կմահանան: Սա է միջին վիճակագրությունը»,- ասաց նա:
Կարծիքներ