Ընդդիմադիր պատգամավորը կարևորում է 44-օրյա պատերազմի բոլոր զոհերի անուն- ազգանունների հրապարակումը

Ընդդիմադիր պատգամավորը կարևորում է 44-օրյա պատերազմի բոլոր զոհերի անուն- ազգանունների հրապարակումը

 ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը անհրաժեշտություն է տեսնում՝ ամողջությամբ հրապարակելու 2020 թվականին  44-օրյա պատերազմի բոլոր զոհերի անուն-ազգանունները: Աբրահամյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով ԱԺ-ում վարչապետի՝ զոհերի թվի վերաբերյալ հայտարարությանը:

Ըստ պատգամավորի՝ Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո տարբեր ուժեր փորձել են ծանրացնել իրավիճակը, ներկայացվել է, թե կան 100-ից ավելի զոհեր: «Իրականության մեջ մենք քառօրյա պատերազմում ունեցել ենք 75 զոհ»,-ասաց Աբրահամյան՝ ընդգծելով, որ 2016-ի ապրիլյան մարտական գործողությունների զոհերի անուն-ազգանուններն ամբողջությամբ հրապարակված են: 

Ըստ նրա՝  հիմա որևէ մեկը չի կարող արձանագրել, որ իր հարազատներից մեկը, որը զոհվել է 44-օրյա պատերազմում, արդյոք արտացոլվա՞ծ է ընդհանուր ցանկում, թե ոչ: «Սա է հիմնական պատճառը, որ ժամանակի ընթացքում զոհերի թվերի հետ կապված անընդհատ խնդիրներ են առաջացնում: Այս թեմայի հետ կապված վերջնական մենք արդյունք կունենանք այն ժամանակ, երբ 44-օրյա պատերազմի բոլոր զոհերի անուն-ազգանուններն ամբողջությամբ կհրապարակվեն, և այդ ժամանակ արդեն բոլոր հարցերի պատասխանները կլինեն»,-ասաց պատգամավորը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց թիվը փետրվարի 9-ի դրությամբ կազմում է 3812 անձ, որոնց 3736-ը՝ զինծառայող, 76-ը՝ քաղաքացիական անձ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում