ՄԻՊ-ը կրկին հորդորում է՝ համերաշխություն ու համախմբվածություն, հարգանք մարդու իրավունքների ու ժողովրդավարական արժեքների նկատմամբ
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Խիստ մտահոգիչ է, որ իշխանության մարմիններն ու պաշտոնյաները, քաղաքական կամ հասարակական ընդդիմության տարբեր շրջանակներ, անտեսելով մարդու իրավունքների համակարգի պահանջները, իրենց հրապարակային խոսքով նպաստում են անհանդուրժողականության խորացմանն ու լարվածության ավելացմանը:
Ցավոք, մեր երկրում ներդրվել ու շարունակվում է հանրային հասարակական-քաղաքական հարթակ բերված «նոր ու նախկին», «սև ու սպիտակ» պիտակավորմամբ դիսկուրսը, որն, ըստ էության, հասարակությունը խմբերի բաժանելու, խտրականություն սերմանելու անթույլատրելի օրակարգ է:
Նույն սկզբունքով անթույլատրելի է քաղաքական ընդդիմության առանձին շրջանակների կողմից գործածվող բառապաշարով հասարակությանը խմբերի բաժանելու, մարդկանց վիրավորելու օրակարգի զարգացումն ու նույնիսկ դրա խրախուսումը:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տևական ու թիրախային դիտարկումները վկայում են, որ այս անթույլատրելի վիճակն ավելի է խորացնում այն, որ գործում են թե՛ իշխանության մարմիններին, թե՛ ընդդիմության տարբեր շրջանակների աջակցող սոցիալական ցանցերի (հատկապես՝ «Ֆեյսբուք») կեղծ էջեր և կեղծ օգտահաշիվներ, որոնք կազմակերպված ու նպատակային հարձակումներ են իրականացնում իրար դեմ:
Արդյունքում ստացվել է այնպես, որ սոցիալական մեդիայի հայկական ողջ տիրույթը հեղեղվել է հայհոյախառն վիրավորանքներով, միմյանց ուղղված սպառնալիքներով ու ատելության խոսքով` հիմնովին ոտնահարելով մարդու իրավունքների համակարգի պահանջները:
Սա որևէ տեղ չտանող ճանապարհ է, որ լի է վտանգներով, այն ավերում է մեր երկրի ժողովրդավարական արժեքները, մարդու իրավունքերի համակարգի տարիների ձեռքբերումները:
Հասարակական-քաղաքական համակարգը պետք է մշտապես հիմքում ունենա մարդու իրավունքները՝ որպես ունիվերսալ բարձր արժեքներ և ղեկավարվի այդ իրավունքների, այդ թվում՝ այլոց կարծիքի նկատմամբ հարգանքի սկզբունքով:
Հ.Գ. Ընդամենը երեկ է Մարդու իրավունքների պաշտպանն այս թեմայով ավելի ծավալուն գրառում կատարել, սակայն, հաշվի առնելով շարունակվող նույն մտահոգիչ զարգացումները, կրկին հորդորում է համերաշխության ու համախմբվածության, ուղղակի հրամայական պահանջ է դարձել հարգանքը մարդու իրավունքների ու ժողովրդավարական արժեքների նկատմամբ»:
Կարծիքներ