Թլիկ բնակավայրի ղեկավարի փեսայի հարազատները ծեծի են ենթարկել վերջինիս, քարով հարվածել գլխին, կրակել նրա ուղղությամբ

Թլիկ բնակավայրի ղեկավարի փեսայի հարազատները ծեծի են ենթարկել վերջինիս, քարով հարվածել գլխին, կրակել նրա ուղղությամբ

2024 թվականի օգոստոսի 15-ին Արագածոտնի մարզի Արևուտ համայնքի Թլիկ բնակավայրի վարչական ղեկավարի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին։

ՔԿ-ից տեղեկացնում են, որ նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում նախնական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024թ․ օգոստոսի 15–ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, հիշյալ բնակավայրի վարչական ղեկավարի աղջկա ամուսնու հարազատները, անձնական դրդապատճառներով, «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով գնալով հիշյալ բնակավայր, մոտեցել են վարչական ղեկավարին, իջնելով ավտոմեքենայից՝ հայհոյանքներ են հնչեցրել նրա հասցեին և ձեռքերով հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին։ Այնուհետև նրանցից մեկը՝ 40–ամյա տղամարդը, մեքենայից հանելով զենքը, կրակել է օդ, ապա՝ հիշյալ պաշտոնատար անձի ուղղությամբ, իսկ 33–ամյա տղամարդը քարով հարվածել է վերջինիս գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Այդ ընթացքում հիշյալ անձանցից երկուսը ծեծի են ենթարկել նաև բնակավայրի վարչական ղեկավարի որդուն, ով միջամտել էր վիճաբանությանը՝ հետագա զարգացումները կանխելու նպատակով։

Քրեական վարույթի շրջանակներում կատարվել է դեպքի վայրի զննություն, հայտնաբերվել է 3 կրակված պարկուճ, վերցվել են նմուշներ, նշանակվել են դատաբժշակական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք։

Կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան բաժնին տրվել է հանձնարարություն՝ ենթադրյալ հանցանքը կատարած անձանց գտնվելու վայրը պարզելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում