Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդում ՀԿ-ներ ներգրավելու համար անցկացվում է մրցույթ

Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդում ՀԿ-ներ ներգրավելու համար անցկացվում է մրցույթ

ՀՀ վարչապետի 2020 թվականի օգոստոսի 6-ի թիվ 903-Ա որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) ստեղծվել է Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհուրդ (այսուհետ՝ Համակարգող խորհուրդ), որի նպատակն է ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարության և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի լիարժեք և արդյունավետ իրագործման, ինչպես նաև իրավապահ, դատական և այլ ոլորտների զարգացման ծրագրերի հետ փոխգործելիության ապահովումը:
Համակարգող խորհրդի անհատական կազմում մրցութային կարգով ընդգրկվում են նաև արդարադատության, իրավապահ համակարգի զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման և իրավապահ համակարգի կադրերի վերապատրաստման ոլորտներում գործունեություն ծավալող երեք հասարակական կազմակերպությունների ղեկավարներ:
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ունեցող, վերը նշված ոլորտներում գործունեություն ծավալող այն հասարակական կազմակերպությունները, որոնք վերջին հինգ տարվա ընթացքում ունեն տվյալ ոլորտի առնվազն երեք տարվա գործունեության փորձ և այդ ժամանակահատվածում տվյալ ոլորտում իրականացրել են առնվազն երկու ծրագիր:
Մրցույթի մասնակցության հայտը և կից ներկայացվող փաստաթղթերը կարող են առձեռն հանձնվել Ոստիկանության վարչական շենքում, ք.Երևան Նալբանդյան 130 հասցեով աշխատանքային օրերին ժամը 09:00-ից մինչև 18:00-ն, ուղարկվել փոստով կամ ներկայացվել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված և տեսաներածված:
Համակարգող խորհրդի անհատական կազմում ներգրավման գործընթացին մասնակցելու նպատակով ներկայացված հայտում պետք է ներառված լինեն հետևյալ տվյալները.
1) կազմակերպության անվանումը.
2) կազմակերպության գտնվելու վայրը.
3) կազմակերպության ղեկավարի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, կոնտակտային տվյալները (հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը).
4) կազմակերպության գործունեության բնույթը, նախանշված ոլորտը և տվյալ ոլորտում գործունեություն ծավալելու ժամանակահատվածը:
Հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը.
1) կազմակերպության կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները.
2) տեղեկություններ ոլորտում առկա փորձի, դրա տևողության, իրականացրած ծրագրերի և աշխատանքային գործունեության, դատաիրավական համակարգի բարեփոխման, զարգացման, իրավապահ համակարգի կադրերի վերապատրաստման և գործունեության աշխարհագրության, կատարած հետազոտությունների ու պատրաստած զեկույցների վերաբերյալ:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը սույն թվականի օգոստոսի 22–ն է:
Փոստով ուղարկված փաստաթղթերը համարվում են ժամկետում ներկայացված, եթե դրանք հանձնվել են փոստ՝ մինչև հայտերի ներկայացման վերջնաժամկետի օրվա ավարտը:
Սահմանված ժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն ուսումնասիրվում:
Հասարակական կազմակերպությունների ներգրավումն անցկացվելու է երկու փուլով՝ փաստաթղթային և ընտրական:
Մրցույթի անցկացման կարգի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել Որոշման 3-րդ հավելվածում:
Մրցույթին մասնակցելու նպատակով ներկայացվող հայտերի ընդունման գործընթացը համակարգում է Ոստիկանության պետի խորհրդական Ա.Ավոյանը, հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել +37441-700-700 հեռախոսահամարին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում