Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գլխավորած կոալիցիային հաջողվեց խափանել Մեհմեդ Օզի ընտրությունն իբրև ԱՄՆ Սենատի անդամ
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գլխավորած կոալիցիայի տևական ջանքերի արդյունքում, որին մաս էին կազմում Ամերիկայի հունական, հրեական, քրդական և այլ համայնքային կազմակերպություններ, հնարավոր է եղել խափանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մտերիմ քաղաքական գործիչ, ազգությամբ թուրք և Թուրքիայի քաղաքացի Մեհմեդ Օզի ընտրությունը որպես ԱՄՆ Սենատի անդամ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակը:
Հայտարարության մեջ նշվում է, որ Օզը, բացի թուրքական իշխող վերնախավի հետ իր անթաքույց կապերից, հայտնի է նաև Հայոց ցեղասպանության մերժմամբ։ Մեհմեդ Օզի ընտրվելը որպես սենատոր, էական խոչընդոտներ կարող էր հարուցել ինչպես Ամերիկայի հայ համայնքի, այնպես էլ հայ-ամերիկյան հարաբերությունների համար։
«Հայ դատի Ամերիկայի կենտրոնական գրասենյակը, Հայ դատի Ամերիկայի Արևելյան ափի հանձնախմբի և Փենսիլվանիայի տեղական հանձնախմբի հետ միասին, ինչպես նաև համայնքային ներգրավմամբ, ամիսներ շարունակ պայքարել է ձախողելու համար Օզի ընտրությունը։ Այդ ամբողջ ընթացքում էական աշխատանք է տարվել ընտրողների հետ՝ վերջիններիս համար բացահայտելով Օզի իրական կապերը, քաղաքական ծագումը և անհամապատասխանությունն ամերիկյան քաղաքական մշակույթին, լայնորեն օգտագործվել են սոցիալական մեդիայի հնարավորությունները, ինչի արդյունքում Օզի իրական նպատակներն ու անցյալը ներկայացնող տեսահոլովակը կարճ ժամանակահատվածում հավաքել է միլիոնավոր դիտումներ։ Հայ դատի հանձնախումբը նաև ԱՄՆ արդարության դեպարտամենտին կոչ էր արել հետաքննությամբ պարզել, թե արդյոք Օզի գործունեությունը երկիրն արտաքին ազդեցություններից պաշտպանող ամերիկյան օրենսդրության խախտում չէ։ Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակն ու համապատասխան շրջանային ու տարածքային հանձնախմբերը Մեհմեդ Օզի դեմ կազմակերպել են նաև բողոքի ցույցեր և երթեր։
Փենսիլվանիայի ընտրությունների արդյունքում նահանգից ընտրվել է Հայ դատի հանձնախմբի համակրանքը վայելող Ջոն Ֆեթերմանը, ով հայտնի է իր անթաքույց հայամետ վարքով և շարունակապես իր սատարումն է հայտնում Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի հետապնդած աշխատանքներին:
Այս հաղթանակի առնչությամբ՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը նկատել է․ «Այս պատմական հաղթանակով Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ԱՄՆ Սենատը, Փենսիլվանիայի ժողովրդին և ամերիկյան ժողովրդավարությունը պաշտպանեց Հայոց ցեղասպանությունը ժխտողից, ով խորը կապեր ունի Թուրքիայի թշնամական վարչակարգի հետ։ Այս շրջադարձային հաղթանակն ավելի քան մեկ տարվա ռազմավարական պլանավորման և համայնքային ու կոալիցիոն անխոնջ ջանքերի արդյունքն է՝ սկսած հետազոտություններից, ընտրողների կրթությունից, լրատվամիջոցների օգտագործումից, և այլ նպատակային ընտրական նախաձեռնություններից: Մենք գոհ ենք դոկտոր Օզի պարտությունից և անհամբեր սպասում ենք աշխատել Ջոն Ֆեթերմանի հետ»,- ասված է հայտարարության մեջ:
Կարծիքներ