Մաղթում եմ, որ գալիք տարին խաղաղության տարի լինի․ Արսեն Թորոսյան

Մաղթում եմ, որ գալիք տարին խաղաղության տարի լինի․ Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրում է.

«Սիրելի հայրենակիցներ,
Այս տարվա ամանորյա ուղերձը էապես կտարբերվի նախորդներից: Տարին ծանր էր բոլորիս համար ամեն տեսանկյունից: Տեսանք թե՛ արտակարգ և թե՛ ռազմական դրություն:

Տարին հատկապես ծանր էր առողջապահական համակարգի և բուժաշխատողների համար: «Անակնկալներից» մեկը ինչպես ամբողջ աշխարհի, այդպես էլ Հայաստանի համար կորոնավիրուսային հիվանդությունն էր, որը շարունակում է լուրջ մարտահրավեր մնալ:
Հաջորդիվ պատերազմն էր, որը ցնցեց բոլորիս, և բուժաշխատողները սկսեցին պայքարել երկու ճակատով` կյանքեր փրկելու և մեր հայրենակիցների առողջությունը պահպանելու համար: Երրորդ ուղղությունն էլ շարունակում էր մնալ անհետաձգելի բուժօգնություն պահանջող դեպքերը, որոնք անկախ ամեն ինչից սպասարկման կարիք ունեին:

365 օր արվել է հնարավոր ամենը, որ բուժօգնության կարիք ունեցող բոլոր պացիենտները կարողանան ստանալ իրենց հասանելի բուժումը:
Վերազինվել, վերապրոֆիլավորվել են բժշկական կենտրոններ: Ֆորս մաժորային իրավիճակներում արագ գնահատվել են կարիքները, որոնց տրվել են հրատապ լուծումներ: Բայց այս ամենը հնարավոր չէր լինի իրագործել և արժեք չէր ունենա, եթե բժշկական համայնքը մեկ բռունցք չդառնար:

Շնորհակալ եմ բոլոր-բոլորից: Հետհայացք նետելով 2020-ին` կրկին գիտակցում եմ, որ դուք` բժիշկներ, համաճարակաբաններ, բուժքույրեր, մայրապետեր, վարորդներ, կամավորներ, արել եք անհնարինը` հնարավոր դարձնելու ճանապարհին:
Շնորհակալ եմ նաև առողջապահության նախարարության, ենթակա մարմինների աշխատակազմին` այդ ծանր օրերին անխոնջ աշխատելու և անձնական նվիրումի համար:

Մաղթում եմ, որ գալիք տարին խաղաղության տարի լինի, մեր կյանք մտնի հանգստությունը և ներդաշնակությունը: Իսկ բուժաշխատողներին մաղթում եմ ուժ ու եռանդ` մասնագիտական առաքելությունը շարունակաբար պատվով կատարելու համար»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում