ՊԵԿ-ը կատարելագործում է խաղային ոլորտի հսկողության գործիքները
Պետական եկամուտների կոմիտեն կատարելագործում է խաղատների և առցանց խաղերի կազմակերպիչների գործունեության նկատմամբ հսկողության գործիքները: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
«ՊԵԿ զարգացման և վարչարարության ռազմավարական ծրագրի համաձայն՝ արտերկրի փորձագետների հետ համագործակցությամբ մշակվում է խաղային ոլորտի թվայնացման ճանապարհային քարտեզ՝ միջազգային չափանիշներին համապատասխան: Հայաստանի տարածքում գործող բոլոր կազմակերպիչների խաղային սարքավորումները և ինտերակտիվ հարթակները միավորվելու են մեկ սերվերում՝ տեղային ցանցում և միանալու են մոնիթորինգային կենտրոնին: Եվ այդ սերվերում իրական ժամանակում գրանցվելու են կատարվող բոլոր խաղադրույքները և ստացվող շահումները:
Պետական եկամուտների կոմիտեի համապատասխան ստորաբաժանումը վերհանելու է ինչպես առցանց խաղերի, այնպես էլ կենդանի խաղերի կազմակերպիչների կամ տեղային խաղատների գործունեության հետ կապված բոլոր ռիսկերը: «Կենդանի խաղերի մասով վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու, ինչպես նաև կենդանի խաղի սեղանների դրամական շրջանառության մասով ամբողջական տեղեկատվություն ստանալու նպատակով խաղատներում նախատեսում ենք ներդնել ռադիոհաճախականության RFID չիպերի համակարգ: Դա հնարավորություն կտա հսկել խաղային պրոցեսը իրական ժամանակում, մասնավորապես՝ չիպերի տեղաշարժը խաղատան սրահներում, խաղացողների կողմից գնված խաղանիշերի և վճարված շահումների գործընթացը»,-տեղեկացնում է ՊԵԿ շահումով խաղերի, խաղատների և վիճակախաղերի գործունեության վերահսկողության ապահովման բաժնի պետ Գոհար Զաքարյանը:
Կառավարության Թվայնացման խորհրդի նիստում հավանության արժանացած մոնիթորինգային կենտրոնի գաղափարը իրականություն դառնալուց առաջ օրենսդրական ձևակերպում պետք է ստանա: Մշակվում է խաղային սարքավորումների և ծրագրային ապահովումների պարտադիր պահանջների սահմանման և իրավական ակտերի փոփոխությունների օրենսդրական փաթեթ: Գոհար Զաքարյանը վստահեցնում է, որ արդյունքում հնարավոր կլինի վերահսկել ոլորտի ֆինանսական հոսքերը և գնահատել փաստացի իրացման շրջանառությունը. «Էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրմամբ խաղերի կազմակերպիչների գործունեության հսկողությունը թույլ կտա նաև բացառել փողերի լվացման դեպքերը և օրենքի պահանջներին չհամապատասխանող սարքավորումների կամ ծրագրերի կիրառումը»:
Խաղացողների իրավունքների պաշտպանությունը և ոլորտի թափանցիկությունն ապահովելու նպատակով նախատեսվող կարգավորումները կոմիտեն պարբերաբար քննարկում է նաև ոլորտի տնտեսվարողների հետ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ