Լևոն Քոչարյանը չի կարող հանդիսանալ պառլամենտարիզմի օրինակ․ Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի խոսքով՝ երեկ ԱԺ-ում տեղի ունեցածը պառլամենտարիզմի օրինակ չէր, քանի որ Լևոն Քոչարյանը չի կարող հանդիսանալ պառլամենտարիզմի օրինակ։
Իսկ ինչ վերաբերում է ԱԺ ամբիոնից Արսեն Թորոսյանի ելույթին, որտեղ Թորոսյանը նշել էր՝ «պաշտոնապես հայտարարում եմ՝ ով մեզ որպես հայհոյանք կասի թուրք, դրա մերն էլ, հերն էլ, լավն էլ, ընտանիքն էլ», Ալեքսանյանը պատասխանեց.«Ես միշտ ասում եմ՝ շատ հաճախ լինում է այնպես, որ մեր ընդդիմադիր պատգամավորների լկտի, փողոցային սադրանքներին ու հայհոյանքներին ի պատասխան՝ մենք պահի տակ չենք կարողանում մեզ զսպել ու նույնիսկ շատ ավելի թեթև եղանակներով փորձում ենք պատասխանել»։
Դիտարկմանը՝ իշխանությունը պետք է զսպվածություն դրսևորի և հասկանա իշխանության գինը՝ Ալեքսանյանը պատասխանեց. «Իհարկե, պետք չէ իջնել ընդդիմության մակարդակին։ Եթե ինչ-որ մեկը դնի ու մոնիթորինգ անի, թե մենք քանիսն ենք կուլ տալիս և քանիսին ենք արձագանքում, ինչքան է տևում, մինչև մեր համբերության բաժակը լցվի, կերևա, թե մենք ինչքան զուսպ ենք։ Ես ձեզ վստահեցնում եմ։
Եթե մենք ընդդիմությանն արձագանքեինք նույնքան, նույնչափ ու սիմետրիկ, դա չգիտեմ՝ ինչի կվերածվեր, չէիք հասցնի այդ ամենը լուսաբանել։ Ինքներս մեզ վրա պետք է աշխատենք, որպեսզի ընդդիմության սանձարձակություններին, փողոցային վարքագծին էլ ավելի զուսպ կարողանանք արձագանքել։ Ես բացառում եմ, որ ինչ-որ մեկը կարողանա առհասարակ չարձագանքել ու հունից դուրս չգալ՝ այս ամեն ինչը լսելով»։
Կարծիքներ