Փաշինյանն անդրադարձել է դատաիրավական համակարգում տեղի ունեցած փոփոխություններին

Փաշինյանն անդրադարձել է դատաիրավական համակարգում տեղի ունեցած փոփոխություններին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է վերջին երեք տարիներին դատաիրավական համակարգի հետ տեղի ունեցածին և նշել, որ 2018 թվականի ձևավորված իշխանությունը հրաժարվեց դատաիրավական համակարգին թելադրելու քաղաքականությունից: ՀՀ դատախազության ստեղծման 103-րդ տարեդարձի և Դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ Փաշինյանը խոստովանել է, որ այդ քայլը նույնպես  բերել է որոշակի ցնցումների, որովհետև դա մի զարգացում էր, որին որևէ մեկը չէր պատրաստվել, և որին որևէ մեկը չէր էլ սպասում:

«Ընդհանրապես հետահայաց նայելով, հիմա, օրինակ, վերլուծություններ են հնչում, որոնք գոյության իրավունք ունեն, որ հարաբերությունների այդպիսի կտրուկ փոփոխություն պետք չէր իրականացնել, այլ պետք էր փորձել, այսպես ասած, աստիճանական դա անել: Բայց իմ համոզմունքը նա է, որ եթե վճռական քայլեր չեն արվում դատաիրավական համակարգի ինստիտուցիոնալ կայացման ճանապարհին, հընթացս իներցիան սկսում է ավելի ու ավելի մեծ տեմպերով գերակշռել ու արդյունքում ոչ մի փոփոխություն մենք չենք ունենում: Սակայն երեք տարվա այս գործընթացների արդյունքում մենք կարող ենք արձանագրել, որ ի վերջո շատ կարևոր հենք և բազա ենք ստեղծել դատաիրավական համակարգի իսկապես ինստիտուցիոնալ լիարժեք կայացման համար»,- ասել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը դատախազների ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ իրենց քաղաքական ուժի նախընտրական ծրագրի առանցքային դրույթներից մեկը վերաբերվում էր իրավունքին և արդարադատությանը:

«Ընդհանրապես Երրորդ Հանրապետության պատմության մեջ, կարծում եմ, արդարության և արդարադատության պակասն ամենամեծ խնդիրն է եղել մեր երկրում, և մեր ժողովրդի ամենակարևոր ձգտումներից մեկը հենց արդարությունն ու արդարադատությունն է. և մենք պարտավոր ենք դա անել: Բայց ի սկզբանե ուզում եմ ընդգծել, որ երեք տարվա աշխատանքի արդյունքում ախտորոշել ենք համակարգային և խորքային խնդիրներ, տեսել ենք, որ ի հեճուկս ի սկզբանե տարածված և կարծրացած կարծիքի՝ մենք խնդիրներ ունենք ոչ միայն դատարաններում, այլև նախաքննության որակի հետ կապված, դատախազության համակարգում, և շատ կարևոր է, որ այդ խնդիրներին առերեսվում ենք ու արձանագրում, որ բարեփոխումների կուրսը պետք է շարունակվի, որոնց վերջնական նպատակը պետք է լինի Հայաստանում իրավունքի, արդարադատության, արդարության հաստատումը»,- ընդգծել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը կարևոր է համարել արձանագրել նաև այն, որ իրենց քաղաքական ուժը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ստացել է մանդատ՝ Հայաստանի Հանրապետությունում օրենքի և իրավունքի դիկտատուրա հաստատելու վերաբերյալ:

«Սա ի՞նչ է նշանակում. սա նշանակում է, որ պիտի կարողանանք հասնել մի իրադրության, երբ ՀՀ քաղաքացիների և ինստիտուտների փոխադարձ հարաբերությունները հենված և սահմանափակված լինեն օրենքներով ու իրավունքով, և մյուս կողմից այդ օրենքները լինեն կիրառելի, այդ օրենքները ծառայեն իրավունքին և այդ օրենքները լինեն մարդկանց համար, հանրության համար և ոչ թե հակառակը»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը:

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում