Հուշարձանի տարածքում գանձագողության և գանձախուզության դեպք է կանխվել
Ոսկեվազ համայնքում գտնվող «Ամրոցի համալիր Ախթամիր» հանրապետական նշանակության հուշարձանի տարածքում գանձագողության և գանձախուզության դեպք է կանխվել:
Այս մասին հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը:
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայության պետ Մանուկ Մանուկյանը այսօր հուշարձանի տարածք հերթական շրջայցի ժամանակ Ոսկեվազ համայնքում գտնվող «Ամրոցի համալիր Ախթամիր» հանրապետական նշանակության (մ.թ.ա. 3 հազ. 9-19 դդ. թվագրվող) հուշարձանի տարածքում նկատել է «Նիվա» մակնիշի ավտոմեքենա և, մոտենալով հուշարձանին, տեսել է, որ մի տղամարդ մետաղորսիչով փորում է միջնաբերդի ներսում։ Երկրորդ անձնավորությունը «որոնողական» աշխատանք է իրականացրել քիչ հեռու։
Մանուկ Մանուկյանը ներկայացել է և պահանջել դադարեցնել՝ միաժամանակ տեղեկացրել, որ քաղաքացիների արարքը քրեորեն պատժելի է։ ՊՄՊ մարզային ծառայության պետն ահազանգել է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ, Արագածոտնի ոստիկանություն և ԱԱԾ։ Իրավապահները օպերատիվ են արձագանքել, գանձագողերն արդեն ոստիկանության բաժանմունքում են և բացատրություն են տալիս։
Կարծիքներ