Երկիրը «պատերազմի» մեջ է, իսկ բուժաշխատողները` առաջնագծում. Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ուղերձը՝ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ.
«Այսօր բուժաշխատողի օրն է, սակայն նրանց մեծ մասն այն կանցկացնի պացիենտի կողքին, պացիենտի հետ:
Ստեղծվել է մի իրավիճակ, երբ կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված` երկիրը «պատերազմի» մեջ է, իսկ բուժաշխատողներն` առաջնագծում:
Այն առօրյան, որն անցկացնում և ապրում է բուժանձնակազմը` ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտն է, վերջինիս կյանքի համար պայքարելը: Եվ, ցավոք, երբեմն այդ կռվում հաղթել չի ստացվում: Իհարկե գերակշռում են դեպքերը, երբ բուժաշխատողները տեսնում են պացիենտների հուսավառ աչքերը և ապաքինումը:
Շուրջ 4 ամիս է, ինչ առողջապահական համակարգը լծված է համաճարակին դիմակայելու, կյանքեր փրկելու և իրավիճակը կայունացնելու գերնպատակին: Ես վստահ եմ` մենք հաջողելու ենք և մի օր հետհայացք ենք նետելու այս օրերին, որպես պարտված մի մարտահրավերի:
Ձեզնից շատերը հիվանդացել են, սակայն դա էլ չի կանգնեցրել ձեզ. վերադարձել եք աշխատանքի` ավելի մարտունակ: Ցավոք, նաև ունեցել ենք կորուստ:
Բուժաշխատողներն ամեն օր հագնում են ծանր, անհարմար արտահագուստը և այս պայմաններում 8 և ավելի ժամ շրջում բաժանմունքներով, կատարում իրենց աշխատանքը` հույսով, որ մեր համաքաղաքացիները կաջակցեն նրանց պահպանելով երեք պարզ կանոն. պարբերաբար կախտահանեն ձեռքերը, կկրեն դիմակ և կպահպանեն սոցիալական հեռավորություն:
Սիրելի գործընկերներ, շնորհակալ եմ ձեր կատարած աշխատանքի համար: Այստեղ նույնիսկ բառերն ավելորդ են: Կրկին ու կրկին շնորհակալ ենք:
Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ և մաղթում քաջառողջություն: Թող սխրանքները ձեր գործի անբաժանելի մասը կազմեն»։
Կարծիքներ