Կկարգավորվեն ԱՄԷ-ում աշխատող կամ աշխատելու պատրաստակամություն ունեցող ՀՀ քաղաքացիների աշխատանքային հարաբերությունները

Կկարգավորվեն ԱՄԷ-ում աշխատող կամ աշխատելու պատրաստակամություն ունեցող ՀՀ քաղաքացիների աշխատանքային հարաբերությունները

Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ քաղաքացիների աշխատանքային գործունեության կանոնակարգման մասին» փոխըմբռնման հուշագրի ստորագրման առաջարկությանը: Հիմնավորման համաձայն՝ փոխըմբռնման հուշագրի կնքումը կնպաստի Արաբական Միացյալ Էմիրություններում աշխատող կամ աշխատելու պատրաստակամություն ունեցող ՀՀ քաղաքացիների աշխատանքային հարաբերությունների կարգավորմանը և աշխատանքային միգրանտների իրավունքների ու շահերի պաշտպանությանը:

Հավանություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2013 թվականի մայիսի 10-ին ստորագրված և փոփոխված «Երևանի մետրոպոլիտենի վերակառուցում – երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագրի թիվ 5 փոփոխության ստորագրման առաջարկությանը: Փոփոխությամբ նախատեսվում է վարկային միջոցների վերջին հասանելիության ժամկետի երկարաձգում մինչև 2022թ. դեկտեմբերի 28-ը` ծրագրի շրջանակներում իրականացման ենթակա աշխատանքների հետագա ընթացքն ապահովելու նպատակով: Ծրագրի շրջանակներում իրականացվել են մետրոյի վագոնների կապիտալ վերանորոգում և արդիականացում, գնացքների մեքենավարների համար ուսուցման վարժասարքի նախագծում, մատակարարում և մոնտաժ, հրշեջ սարքավորումների մատակարարում, մետրոյի վագոնների լվացման սարքավորման նախագծում, մատակարարում և մոնտաժ: Ծրագրի գլխավոր և ամենամեծ բաղադրիչն է «Դրենաժային թունելի երկարացումը և մետրոյի թունելներում վերականգնողական աշխատանքները», ըստ որի` Երևանի մետրոպոլիտենի գոյություն ունեցող դրենաժային թունելը պետք է հորատանցման եղանակով երկարացվի 930 մետրով:

Հավանության է արժանացել նաև 2022թ. մարտի 4-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Էներգաարդյունավետ տարածաշրջաններ. հասարակական շենքերում էներգախնայողության բարձրացման մեխանիզմների գործարկում և աջակցություն «Կանաչ էներգետիկայի» զարգացմանը» ծրագրի ֆինանսավորման համար դրամաշնորհի տրամադրման մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագիծը: Ծրագրի հիմնական նպատակներից է հանրային նշանակության թվով 20 շենքերում՝ դպրոց, մանկապարտեզ, հիվանդանոց, էներգախնայողության մակարդակի աճ 50 տոկոսով, ինչը կհանգեցնի տարեկան 3.000 մՎտ*ժամ էլեկտրաէներգիայի խնայողությանը և տարեկան 700 տոննա ածխաթթու գազի արտանետման ցուցանիշի նվազեցմանը: Աջակցություն է նախատեսվում էներգետիկ ծառայություններ մատուցող ենթակառուցվածքների սուբյեկտների կայացման և և զարգացման համար: Նախատեսվում է նաև նվազագույնը 20 մարզային վարչական մարմինների ներկայացուցիչների շրջանում էներգախնայողության վարկերի ներգրավման մեխանիզմների և էներգախնայողության արդյունավետության մասին իրազեկվածության աճ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում