Վահե Հակոբյանից ավելի «տափակ» պատասխան չէր կարելի սպասել. ՀԺ

Վահե Հակոբյանից ավելի «տափակ» պատասխան չէր կարելի սպասել. ՀԺ

Օրեր առաջ Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն տարածեց, ըստ որի՝ քրեական գործի շրջանակներում, որը հարուցված էր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» կողմից հարկային պարտավորությունները չկատարելու հետ, բյուջե է վերականգնվել 15 մլրդ դրամ, որը վերջին տարիների ամենախոշոր վերականգնումներից մեկն է: Կոռուպցիոն սխեման իրականացվել է գործարանի տնօրեն Մհեր Պոլոսկովի տնօրինության ժամանակահատվածում։ Նա ընդունել է մեղքը և վճարել 15 մլրդ դրամ: Այս մասին գրում է Հայկական ժամանակ-ը:

Այսօր այս սխեմային խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը, որը մինչև 2016 թվականը եղել է ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, 2019 թվականից մինչև 2020 թվականի օգոստոսի 2-էլ՝ խորհրդի անդամ:

Նրա խոսքով՝ 2014 թվականից հետո, իր կարծիքով, կոմբինատում չի գործել կոռուպցիոն սխեմա:

«Ժամանակին պղնձի վաճառքի մեխանիզմը համաձայնեցված է եղել ՊԵԿ-ի հետ: Խոսքը այն ժամանակ պղնձի գների և կոմբինատի առկա իրավիճակի մասին է: Տնօրինությունը որոշում է կայացրել, որը, բնականաբար, անցել է խորհրդով, այս սթիմինգային գործարքը կատարել, ինչն է՝ պղնձի խտանյութը վաճառել x ընկերությանը: Գումարը վերցնում են ամբողջությամբ և, օրինակ, 10 տարվա ընթացքում տալիս են այդ խտանյութը: 2019-ին, երբ իրավիճակը կայունացավ, այդ գործարքը «հետողորմյա» արվեց: ՊԵԿ-ը հիմա համարում է, որ այդ գործարքի արդյունքում օպերատիվ տնօրինության կողմից վնաս է հասցվել պետությանը՝ 15 միլիարդ դրամ»:

Հակոբյանի այս հայտարարությանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ գրելով. «Վահե Հակոբյանը խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ չի կարծում, թե Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում 2014-ից սկսած՝ երբևէ գործել է կոռուպցիոն սխեմա։

Կներեք, իսկ էն 15 միլիարդը ո՞ւմ սիրուն աչքերի համար վերադարձվեց բյուջե։ Հայաստանում կա՞ մեկը, ով պատրաստ է չարածի դիմաց ընդունել մեղքն ու պետությանը 15 մլրդ վճարել։

Սյունիքի նախկին մարզպետ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ նախկին ադմինիստրատիվ տնօրեն, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ նախկին գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ խորհրդի նախկին անդամ Վահե Հակոբյանից ավելի «տափակ» պատասխան չէր կարելի սպասել»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում