Խոշորացման գործընթացը կարևոր դեր է խաղում համայնքների զարգացման գործում. Վահե Ղալումյան
Համայնքների խոշորացման հայեցակարգն ընդունվել է 2011 թվականին: Մինչ օրս իրականացվել է համայնքների միավորման 5 փուլ: ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանն այսօրվա խորհրդարանական լսումների ընթացքում նշեց, որ ամենածավալուն գործընթացն իրականացվել է 2021 թվականին, երբ 441 համայնք միավորվել է, և ստեղծվել է 36 վարչատարածքային միավոր:
«Մենք գտնում ենք, որ խոշորացման գործընթացը կարևոր դեր է խաղում համայնքների զարգացման գործում:
Սկզբնական շրջանում գյուղապետարանների աշխատակազմների կրճատումը հետագայում համալրվելու է նոր հաստիքներով, որոնք մեծացնելու են համայնքների պոտենցիալը, և որին, համոզված եմ, ըմբռնումով են մոտենում մեր համաքաղաքացիները»,- ասաց Ղալումյանը:
Նշենք, որ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է ««Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներ:
Կարծիքներ