Եվրոպական խորհրդարանում քննարկվում է Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման հարցը
Եվրոպական խորհրդարանն այսօր՝ մարտի 10-ին, քննարկում է անցկացնում Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման շուրջ։ Քննարկման վերջում պետք է տեղի ունենա քվեարկություն՝ բանաձևի ընդունման վերաբերյալ։ Բանաձևով խորը մտահոգություն է արտահայտվում Ադրբեջանի տարածած քարոզչության առնչությամբ, ըստ որի հայկական մշակութային ժառանգության վայրերը ներկայացված են որպես աղվանական ծագում ունեցող, իսկ հայկական հուշարձանները վերանվանվում են աղվանական։
Ադրբեջանում աշխատանքային նոր խմբի ստեղծումը, որին հանձնարարված է ջնջել արձանագրությունները Լեռնային Ղարաբաղի՝ Բաքվի վերահսկողության տակ գտնվող հատվածի կրոնական կամ պատմական հուշարձաններից, դատապարտվում է որպես հարևան ժողովուրդների մշակութային ժառանգության ապօրինի կողոպուտ՝ նրանց պատմական հիշողությունից զրկելու նպատակով։ Փաստաթղթում նշվում է, որ այս որոշումը «խախտում է Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի վճիռների ոգին»։
Փաստաթուղթը նաև մտահոգություն է հայտնում հայ-ադրբեջանական սահմանին վերսկսված բախումների կապակցությամբ, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի, և կողմերին կոչ է արվում զերծ մնալ ուժի կիրառումից, շարունակել վերջերս սկսված քաղաքական երկխոսությունը։
Փաստաթղթով պահանջվում է, որ Ադրբեջանը համապատասխան կազմակերպություններին, օրինակ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին, թույլ տա մուտք գործել իր վերահսկողության տակ գտնվող տարածքների մշակութային ժառանգության վայրեր՝ ապահովելու դրանց պաշտպանությունը։
Կարծիքներ