Վանաձորի թիվ 28 հիմնական դպրոցի դասասենյակներն անվանակոչվեցին ի հիշատակ զոհված զինծառայողների
ՀՀ Անկախության 30-ամյակին նվիրված միջոցառում էր կազմակերպել Վահե Մելիքսեթյանի անվան Վանաձորի թիվ 28 հիմնական դպրոցը: Միջոցառումն անցկացվեց դպրոցի բակում օրեր առաջ կառուցված փոքրիկ պուրակ-ջրվեժի մոտ, որի հիմնումը կրթօջախի անձնակազմի մտահղացումն է՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմի ընթացքում նահատակված՝ դպրոցի նախկին 7 սաների:
Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, հերոսների հարազատները, մարտական ընկերներն ու դասընկերները: Աշակերտները համառոտ ներկայացրեցին անկախության ձեռքբերման պատմական ուղին, հանդես եկան պարերի և երգերի կատարումներով և խոստացան ամուր պահել հայրենիքի սահմանները: «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամի, բարերարների, դպրոցի սաների, ծնողների և ուսուցիչների օգնությամբ ստեղծված պուրակ-ջրվեժի հետ մեկտեղ վերանորոգվել են դպրոցի 6 դասարաններ, որոնք նույն օրը անվանակոչվեցին Արցախյան վերջին պատերազմում անմահացած աշակերտների անուններով:
Նորոգված դասարաններն այսուհետ կկրեն հերոսներ Էրիկ Գյոկչակյանի, Արմեն Մարտիրոսյանի, Էրիկ Ավագյանի, Մհեր Ղուկասյանի, Գևորգ Եղշատյանի, Արծրուն Աղաբաբյանի անունները: Արամ Գրիգորյանը Լոռու մարզպետի անունից շնորհակալություն հայտնեց աշակերտներին, ուսուցչական կազմին, հերոսների ընտանիքներին և բարերարներին միջացառման նախաձեռնության և իրականացման համար, նշելով, որ զոհված տղաներից յուրաքանչյուրի կյանքի պատմությունը մեծ դաս է, որով պիտի դաստիարակվեն սերունդներն ու կերտեն հայրենիքի վաղվա օրը:
Դպրոցի տնօրեն Ալբերտ Բրուտյանը շնորհակալագրեր հանձնեց բարերարներին դպրոցին ցուցաբերած աջակցության և մատաղ սերնդի դաստիարակության գործում ներդրած անգնահատելի ավանդի համար: Հերոսների հարազատները, ուսուցիչները, մարտական ընկերները կիսվեցին իրենց հուշերով, ընկած տղաների սխրանքների պատմություններով և հայրենասիրության պատգամներով: Վահե Մելիքսեթյանի անվան Վանաձորի թիվ 28 հիմնական դպրոցը հերոսների համար ձևավորած անկյունում 2 մեդալ ունի հասցեատերերին չհասած. դրանք դպրոցի և մանկատան նախկին սաներ՝ Գևորգ Եղշատյանի և Արծրուն Աղաբաբյանի մեդալներն են:
Կարծիքներ