Լևոն Արոնյանը կմասնակցի Champions Chess Tour-ի հերթական փուլին

Լևոն Արոնյանը կմասնակցի Champions Chess Tour-ի հերթական փուլին

Վաղը կմեկնարկի Champions Chess Tour-ի 7-րդ փուլի Goldmoney Asian Rapid արագ շախմատի առցանց մրցաշարը, որի 16 մասնակիցների թվում է նաև Լևոն Արոնյանը:

Մրցաշարը կանցկացվի երկու փուլով: Նախնական փուլում շախմատիստները մեկ շրջանով անցկացվելիք մրցախաղերում կորոշեն 8 ուժեղագույններին, որոնք հետագայում զույգեր կազմելով նոկաուտ համակարգով ի հայտ կբերեն հաղթողին: Վերջինիս 100 հազար դոլար ընդհանուր մրցանակային հիմնադրամից բաժին կհասնի 30 հազարը:

Մրցումների առաջին օրը կկայանան 1-5-րդ տուրերի մրցախաղերը: Արոնյանը հաջորդաբար կմրցի Բաշկարան Ադհիբանի, Պյոտր Սվիդլերի, Դեն Լիժենի, Սալեհ Սալեմի և Դոմարաջու Գուկեշի հետ:

Champions Chess Tour-ի նախորդ 6 փուլերի ընդհանուր արդյունքներով 271 միավորով առաջատարն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենն է, որը այդ մրցաշարերում 155 հազար դոլար պարգևավճար է ստացել: Հաջորդ տեղերում են Ուեսլի Սոն (203 միավոր, 130 հազար դոլար) և Թեյմուր Ռաջաբովը (133 միավոր, 98,5 հազար դոլար): Լևոն Արոնյանը 81 միավորով  7-րդ հորիզոնականում է: Նա ընդհանուր առմամբ 66500 դոլար պարգևավճար է ստացել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում