Բելգորոդի մարզում հայտնել են մեկ շաբաթում գնդակոծությունների հետևանքով 11 զոհի մասին

Բելգորոդի մարզում հայտնել են մեկ շաբաթում գնդակոծությունների հետևանքով 11 զոհի մասին

Բելգորոդի իշխանությունները հայտնել են, որ ուկրաինական զորքերի գնդակոծության հետևանքով մարզում 11 խաղաղ բնակիչ է զոհվել, 82-ը՝ վիրավորվել։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։

«Ընդհանուր առմամբ, մարտի 12-ից մինչև 18-ն ընկած մեկ շաբաթվա ընթացքում մեզ մոտ տուժել է 93 մարդ, նրանցից 11-ը զոհվել է», - ասել է տարածաշրջանի առողջապահության նախարար Անդրեյ Իկոննիկովը օպերատիվ խորհրդակցության ժամանակ։

Նախարարի տվյալներով՝ ինը հոգու վիճակը ծանր է, բայց կայուն։ Բացի այդ, մարզային մանկական հիվանդանոցում բուժվում է տուժած երկու երեխա։

Բելգորոդ քաղաքի իշխանություններն էլ հայտնել են, որ առավոտյան գնդակոծության հետևանքով 1 մարդ է վիրավորվել։ ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ Բելգորոդի մարզի երկնքում առավոտյան խոցվել է RM-70 Vampire համազարկային կրակի ռեակտիվ համակարգի 10 հրթիռ։

Ուկրաինայի զինված ուժերն իրենց հերթին հաղորդել են, որ ռուսական ուժերը 22 հարվածային անօդաչու թռչող սարքերով գրոհել են երկրի տարբեր շրջաններ, ԱԹՍ-ներից 17-ը խոցվել են։ Բացի այդ, ուկրաինական կողմը հաղորդել է Խարկովի և Սումիի մարզերի վրա արձակված հրթիռների մասին։

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն էլ հաղորդել է, որ ռուսական բանակը գնդակոծել է Խերսոնի միկրոշրջաններից մեկը, որի հետևանքով 5-հարկանի շենքում հրդեհ է բռնկվել։ Տուժածներ չկան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում