Թուրքիան խախտել է միջազգային իրավունքը՝ ԼՂ պատերազմում ներգրավելով վարձկանների. շվեյցարացի խորհրդարանականներ
Շվեյցարիայի դաշնային խորհրդի 33 պատգամավորներ նամակ են հղել՝ հորդորելով երկրի կառավարությանը ճնշում գործադրել Թուրքիայի վրա իր տարածքում, ինչպես նաև Հայաստանում, Սիրիայում, Լիբիայում և Իրաքում մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումների փաստերի առնչությամբ: Պատգամավորները կոչ են արել կառավարությանը հետաձգել Թուրքիայի հետ ազատ առևտրի մասին նոր համաձայնագիրը, քանի դեռ այդ երկիրը չի կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները: Այս մասին հայտնում է ANF News-ը:
Պատգամավորները նամակում նշել են, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիան տանում է բռնապետության ուղով՝ լռեցնելով ընդդիմադիր ու քննադատական ձայները, այդ թվում և լրատվամիջոցներին, հեռացնելով անկախ դատավորներին ու նրանց փոխարինելով կախյալ դատավորներով, բանտարկելով ակտիվիստների ու լրագրողների:
Շվեյցարացի օրենսդիրներն արձանագրել են, որ ղարաբաղյան վերջին պատերազմի ժամանակ Թուրքիան Ադրբեջան է ուղարկել վարձկանների, ինչը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է: Նրանց գնահատմամբ՝ նմանօրինակ գործելաոճ Անկարան ցուցաբերել է նաև Լիբիայում:
«Մենք խորապես հավատացած ենք, որ Շվեյցարիայի մարդասիրական ավանդույթները և Համադաշնության կողմից պաշտպանության տակ առնված արժեքները կշարունակվեն, մենք համոզված ենք, որ այս հրատապ կոչը լսելի կլինի»,- ասել են խորհրդարանականները:
Կարծիքներ