Գյումրիում է Ֆրանսիայի Մոն-դը-Մարսանի պատվիրակությունը
Ֆրանսիայի Մոն-դը-Մարսան քաղաքի Գասկոն թատրոնի տնօրեն, հայկական մշակույթի «Երազ» փառատոնի կազմակերպիչ Անտուան Գարիելի գլխավորած պատվիրակությունը հունիսի 10-ին այցելել է Գյումրի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պատվիրակությանն ընդունել են Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Պապիկյանը, գլխավոր խորհրդական Հայկ Սուլթանյանը և ոլորտային պատասխանատուները:
«Անչափ կարևորում եմ Գյումրի և Մոն-դը-Մարսան քաղաքների միջև բարեկամության և համագործակցության հռչակագրի ստորագրումն ու երկու քաղաքների միջև առկա կապերի առավել ամրապնդումն ու հնարավոր ծրագրերի իրականացումը: Մոն-դը-Մարսանում հայկական մշակույթի «Երազ» փառատոնի կազմակերպումն ու անցկացումը և դրա շրջանակներում Գյումրիից Մոն դը Մարսան տեղափոխված խաչքարի բացումը, այդ համագործակցության վառ ապացույցն է ու նոր համագործակցության հիմքը»,-ողջունելով հյուրերին՝ նշել է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը:
Հայ-ֆրանսիական մշակութային բարեկամական կապերի ամրապնդման մեջ ներդրած ջանքերի, Մոն-դը-Մարսանում հայկական մշակույթի «Երազ» փառատոնի կազմակերպման եւ արդյունավետ համագործակցության համար Անտուան Գարիելը պարգևատրվել է պատվոգրով:
Մարտի 21-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Մոն-դը-Մարսանի քաղաքապետ Շառլ Դայոյի հրավերով, մասնակցեց և ելույթով հանդես եկավ մարտի 21-ից ապրիլի 3-ը Մոն-դը-Մարսանում «Երազ» խորագրով Հայաստանին նվիրված երկշաբաթյա փառատոնի պաշտոնական բացմանը:Փառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Գյումրի և Մոն-դը-Մարսան քաղաքների միջև բարեկամության և համագործակցության հռչակագրի ստորագրման պաշտոնական արարողությունը:
Կարծիքներ